«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետարանը վերջերս Դալարիկի գյուղապետարանում իրականացված ստուգումների արդյունքում լուրջ խնդիրներ է բացահայտել: Դալարիկ համայնքի ավագանու 8 անդամները դիմում են ներկայացրել գյուղապետին' սոցօգնություն ստանալու համար, այնուհետեւ իրենք էլ կողմ են քվեարկել իրենց այդ գումարը հատկացնելու որոշմանը: Արդյունքում, ընդհանուր առմամբ հատկացվել է 500 հազար դրամ:

Բացի այս' ավագանու անդամ Թենիկո Ալբուրովանը կողմ է քվեարկել իր հորը 60 հազար դրամ սոցօգնություն հատկացնելու համար, ավագանու անդամներից Վարուժան Հակոբյանը' Արմեն Հակոբյանին 20 հազար դրամ սոցօգնություն վճարելու համար, Արմեն Ալեքսանյանը' կնոջը' Լալա Սիմոնյանին, երեխաների ուսման վարձի համար 100 հազար դրամ սոցօգնություն հատկացնելու համար: Նշենք, որ Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը թավշյա հեղափոխությունից հետո հրաժարական էր ներկայացրել: