2018 թվականի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: Այս մասին ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարում:
Սարգսյանը նշել է, որ անցյալ տարի հեռացել է պաշտոնից, որպեսզի ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:
«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:
Ավելին' երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի:
Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել»,- ասել է Սարգսյանը:
ՀՀ 3-րդ նախագահը նաև խոստովանել է՝ կատարվածի մեջ կա իր մեղքը.
«Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում:
Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով, գուցե, որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»: