Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հակադարձելով ՀՀ 3-րդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքին, թե ապրիլյան պատերազմը հայկական Զինված ուժերը կանգնեցրել էին:

«Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի ժամանակացույց էր ենթադրում, և այդ ժամանակացույցը ամառվա ընթացքում էր, ամառվա ընթացում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որը օգտագործելով՝ Սերժ Սարգսյանը որոշակի ժամանակահատվածով հետաձգում է՝ մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության «տրանզիցիա»: Այդ մարդը, այդպիսի խոստումներ տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի համար, լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է՝ ես պատրաստ էի ստորագրելու, ինչ-որ քայլեր անելու, մինչդեռ ես հստակ ասեմ՝ իր տված խոստումների պատճառով, իր ստեղծած փակուղիների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»,- ասել է Գրիգորյանը:

Նա ընդգծել է' Ապրիլյան պատերազմը կանգնել է, դրան հետևել է ժամանակացույց, ըստ որի' պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Հարցին' դրանք տարածքները վերադարձնելո՞ւ խոստումներ են, Գրիգորյանը կոչ է արել այդ հարցը հասցեագրել իրեն' Սերժ Սարգսյանին: Ճշտող հարցին' այդ խոստումները գոհացրե՞լ են Ադրբեջանին, Գրիգորյանը պատասխանել է.

«Եթե Ադրբեջանը կանգնել է, պետք է որ գոհացրած լինեն»: