Մարալիկ քաղաքի Անի համայնքում լարված իրավիճակը շարունակվում է։ Բնակիչները փակել են ճանապարհն ու պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Նման բան չունենք ծրագրում։ Մենք աշխատում ենք մեր բնականոն ընթացքով։ Ընտրություններն ընդամենը ամիսներ առաջ են կայացել, որով մենք ուղղակիորեն ստացել ենք վստահության քվեն և այսօր ծառայում ենք մեր ժողովրդին, մեր համայնքին»,-ասաց Գևորգյանը։
Անդրադառնալով բնակիչների բողոքին, որ համայնքապետն իր բարեկամներին է աշխատանքի ընդունում՝ Գևորգյանն ասաց․
«Ես ոչ մի բարեկամի աշխատանքի չեմ ընդունել։ Իմ բարեկամները մինչև իմ աշխատելը՝ տարիներ առաջ՝ աշխատանքի տեղավորված են եղել»։
Համայնքապետը նաև նշեց, որ իրավիճակը հանդարտեցնելու համար փորձելու են բողոքող բնակիչների հետ զրուցել.
«Փորձելու ենք լսել իրենց տեսակետները: Ամեն դեպքում, նրանք մեր քաղաքացիներն են, և ճիշտ չէ հասարկության մեջ լարվածություն ստեղծել»,-ավելացրեց Գևորգյանը։
Հարցին՝ բողոքի նման դրսևորումը բնակիչների կողմից ինքաբո՞ւխ է, թե՞ կան կազմակերպիչներ՝ համայանքապետը պատասխանեց․ «Կան մարդիկ, ովքեր փորձում են ինչ-որ բաներ կազմակերպել»։