Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողն այսօր հիշեցրեց, որ Հայաստանում թանկացումներ են, գնաճ, 2018-ին տրված խոստումները չեն իրականացվել:
«Այս ամենը հաշվի առնելով' ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կհարցներ' այսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ», - հետաքրքրվել էր լրագրողը:
Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց' ինքը հրաժարական տվել է:
«Ես վարչապետի պաշտոնից երկու անգամ եմ հրաժարական տվել, մեկը' 2018 թվականին, մյուսը' 2021 թվականի ապրիլին», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա հիշեցրեց, թե 2019 թվականին Հայաստանը Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր:
«2020 թվականին եղել է կորոնավիրուսի համավարակ, պատերազմ: Խոսք է գնում գնաճի մասին, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում է գնաճ, գնաճն այսօր գլոբալ պրոբլեմ է», - ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է ջրի գնին' Փաշինյանն ասաց, թե սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել:
«Հիմա ստեղծել ենք մի իրավիճակ ու երաշխավորել ենք, որ 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ընդհանրապես ջրի գինը չի փոխվելու, նման բան Հայաստանում չի եղել, իսկ մյուսների համար ջրի գնի փոփոխությունը չի կարող լինել էական ու շոշափելի», - պարզաբանեց Հայաստանի վարչապետը: