Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանին օրերս մեղադրանք է առաջադրվել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակային վիրավորելու համար։ Ըստ Արթուր Համբարձումյանի, դատավորն իր դեմ բողոք չի ներկայացրել։ Նա պնդում է, որ այդ գործը «կարվել է» Շիրակի մարզային դատախազությունում՝ դատախազի տեղակալ Ա․ Եդիգարյանի կողմից, իրեն քրեական հետապնդման են ենթարկում իր հայացքների համար, և որ դա Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից իջեցված հրահանգով է։
Արթուր Համբարձումյանի ասելով, քրեական վարույթ նախաձեռնվել էր դեռ 11 ամիս առաջ, սակայն ինքը վկա էր, իրեն մեղադրանք առաջադրվեց լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցից անմիջապես հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին ասում է․ «Եթե քո նկատմամբ առևանգում է տեղի ունեցել և առևանգողը պիտի դատվի, համաձայն եմ, առևանգողը թող դատվի։ Այդ դեպքում ի՞նչ մեղադրանք պիտի առաջադրվի այն մարդուն, որը մարդկանց խաբելով, համոզելով, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, Գետաշենը գրավեցինք, Շահումյանը գրավեցինք, հաղթելու ենք, հաղթում ենք լոզունգների տակ՝ տղաներին տանում, հասցնում էր Ջաբրայիլ, մատաղ էր անում։ Հիմա էլ կանգնում-ասում է, որ Ջաբրայիլը խորը ադրբեջանական տարածք է։ Եվ ես այդ հարցն եմ տվել, թե լավ՝ ինչպե՞ս պիտի վարվենք հիմա քո հոր հետ»։
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Համբարձումյանը մանրամասներ նշեց նաև քրեական հետապնդումից։
«Սա քաղաքական հետապնդում էլ չէ, սա խուլիգանություն է, իմաստն այն է, որ ինձ քաշքշուկների մեջ գցեն։ Իմ նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում այն բանի համար, որ ես 11 ամիս առաջ իմ հարցազրույցներից մեկում մեր ընկերոջը՝ Արմեն Գրիգորյանին ապօրինի կալանք տված դատավորին քննադատել եմ։ Այդ հարցազրույցը տվել եմ Արմեն Գրիգորյանի հուղարկավորության օրը և որակում էի տվել ապօրինի կալանք տված, «Համերի» ֆոնին նկարված դատավորին․ նա տեղի ունեցած ողբերգության խոշոր պատասխանատուներից մեկն է։ Պիտի ասեմ, որ այդ դատավորը հիմա անցնում է քրեական գործով, կալանավորված է, նրան մեղադրում են կաշառակերության, շորթում իրականացնելու մեջ։ Իմ քննադատելուց մոտ, մեկ տարի անց՝ Շիրակի մարզի դատախազ Ա․ Եդիգարյանը քրեական հետապնդում է իրականացնում իմ նկատմամբ։ Գործով քրեական վարույթը նախաձեռնվել էր 11 ամիս առաջ, բայց ես այդ գործով անցնում էի որպես վկա։ Իսկ ինչո՞ւ էին ինձ մտցրել որպես վկա, որովհետև ես ասել էի, որ Արմեն Գրիգորյանին հասցրել են մահվան։ Իրենք այնտեղ գրել էին, որ իբր ես ասել եմ՝ Արմեն Գրիգորյանին սպանել են։ Այդ հարցաքննությունը տեղի է ունեցել Արմավիրում, ես ավագ քննիչից պահանջել եմ բացել իմ հարցազրույցը, որտեղ երևում է՝ ես ասել եմ՝ հասցրել են մահվան, և ես կրկնում եմ, որ Արմենին հասցրել են մահվան՝ կոլեկտիվ ձևով։ Այնտեղ պատասխանատուն այն մարդն է, որը հրահանգ է իջեցրել Արմենին ձերբակալման, ԱԱԾ-ի այն պատասխանատուն է, որն իրականացրել է, այսինքն` հրահանգ է տվել , որ ԱԱԾ-ի աշխատակիցներն, Արմենի ձեռքերը քաշքշելով, ջարդելով, մտցնեն ԱԱԾ-ի շենք։ Եվ, բնականաբար, մյուս հատվածի պատասխանատուն «Համերի» ֆոնին նկարված դատավորն է, որն ապօրինի կալանք է տվել անմեղ, նաև առողջական խնդիրներ ունեցող մարդուն։ Բոլորդ տեսաք՝ հետագայում ինչ տեղի ունեցավ, ինձ մտցրել են այդ գործի մեջ որպես վկա, հետագայում իմ կարգավիճակը փոխվեց, նոր քրեական վարույթ է իրականացվում նրա համար, որ ես այդ հանցագործին քննադատել եմ», - ասաց Արթուր Համբարձումյանը։
Նա պատմեց, որ իրեն երեկոյան ուշ ժամի «ափալ-թափալ» հրավիրել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ և հրաժարվել է ցուցմունք տալուց։
«Խայտառակելու եմ և՛ դատախազին, և՛ ընդհանրապես այն մարդկանց, որոնք այս գործով ներգրավված են։ Իրենց արդարացումները, թե գիտեք ինչ կա, չէինք կարող չանել, չի անցնելու։ Իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչներ, ես իրենց կոչում եմ Որսորդ միության ներկայացուցիչներ, զրույցների ժամանակ ասում են՝ դե հիմա այսպիսին է վիճակը», - ասում է Արթուր Համբարձումյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։