Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը ներկայացել է վարույթ իրականացնող մարմին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Անի Սարգսյանը, մի քանի ամիս գտնվում էր հետախուզման մեջ և օրեր առաջ ինքնակամ ներկայացել է ՀՔԾ։
Հիշեցնենք՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) և վերջինիս դստերը' Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն' Նարեկ Սարգսյանին:
Այսպես, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Նշենք, որ Լյովա և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Լյովա Սարգսյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ:
Անի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: