2003 թվականից ՀՀ կառավարությունը մանկատան երեխաներին ապահովում է բնակարաններով: Սակայն ոչ բոլորին է հաջողվում ստանալ իրենց հասանելիք բնակարանը: Այսօր այս խնդիրներով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Ծաղիկ» մանկատան շրջանավարտները. «Ես մեղավոր չեմ, որ ինձ բարուրից տարել-հանձնել են մանկատուն, հիմա էլ դրսում եմ մնացել ու առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ, չեմ կարողանում նորմալ աշխատել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հավաքված երիտասարդները պնդում են, որ «Ծաղիկ» մանկատանը 18 տարին լրանալուց հետո անցել են պարտադիր զինվորական ծառայության, սակայն զորացրվելուց հետո մնացել են դրսում և ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում: Նրանք պահանջում են վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում՝ իրենց բնակարաններով ապահովելու կամ խնդրին որևէ լուծում տալու համար:
Ակցիայի մասնակիցները հավաստիացնում են, որ իրենց նման դրսում մնացած մանկատան նախկին սաները շատ են, իսկ աշխատանք գտնելը բավականին դժվար է, քանի որ«մանկատան երեխա լինելը բոլորի մոտ կյանքից դժգոհ մարդու տպավորություն է թողնում»:
Հարցին, թե որտեղ են գիշերում, տղաներից մեկը պատասխանեց. «Ա՛յ, այնտեղ, նստարանին, այգում», այնուհետև մյուսը հավելեց. «Ամեն մեկդ էլ ձեր տներն ու տաք տեղաշորներն ունեք, ու ոչ ոք այսօր չի պատկերացնի մեր վիճակը: Ոստիկանը որ մոտենում ա ու իմանում ա՝ մանկատան երեխա ես, այնպես ա վերաբերվում, որ քեզ իրոք մանկատան երեխա ես զգում, ու բոլորն են այդպես վերաբերվում»:
2003թ.-ից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Ծրագրի նպատակն է 18 տարին մանկատանը լրացած երեխաների համար ձեռք բերել բնակարաններ, ինչպես նաեւ տրամադրել կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական եւ այլ բնույթի աջակցություն: Չնայած այս ծրագրի մի շարք շրջաավարտներ տասնյակ տարիներով իրենց բնակարանն ստանալու հերթի մեջ են. իսկ այդ ծրագիրն էլ, պատասխանատուները, կարծես թե, չեն շտապում իրագործել:
Մի կարևոր հանգամանք ևս, մանկատան շրջանավարտն իրավունք ունի օգտվել այս ծրագրի հնարավորություններից, եթե 7-8 տարի ապրել է մանկատանը, չունի սեփականություն իր անունով, և նրա 18 տարին պետք է լրացած լինի մանկատանը: