Ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի դաշնության քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայատանում Վրաստանի դեսպանատան դիմաց: Քաղաքացիները նոր են վերադարձել հայ-վրացական սահմանից, որտեղ նրանց արգելել են հատել սահմանը. «Կարանտին է հայտարարված, չենք կարողանում տուն գնալ, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներ ենք, փորձեցինք Ռուսաստանի դեսպանատան հետ կապ հաստատել, իրենք ասացին՝ Վրաստանը իրենց հետ կապի դուրս չի գալիս: Արդյունքում անորոշության մեջ ենք մնացել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Աննա Դիլանյանը:

 

Նա նշեց, որ այս պահին Վրաստանի դեսպանատան մոտ են ու ցանկանում են խոսել որևէ մեկի հետ, ով կօգնի իրենց. «Ընդամենը ցանկանում ենք տուն գնալ: Դրսում ենք մնացել: Կողմերից ոչ ոք մեր մասին հոգ չի տանում: Մեր ունեցած գումարն էլ վերջանում է»: 

Դիլանյանի խոսքով՝ այս պահին դեսպանատան դիմաց հավաքվածները մոտ 50 հոգի են, բայց  իրենց նման մարդիկ ավելի շատ են. «Մարդկանց մեծ մասը մնաց սահմանին: Գումարի խնդիր կա»:

Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ իր ընտանիքով Հայաստան է եկել մարտի 12-ին, իսկ ամսի 14-ից փորձում են տուն գնալ: 

«Մենք չենք կարողանում տեղաշարժվել, պատճառաբանում են, որ վրացական կողմը մեզ չի ընդունի, ուստի չենք կարողանում գնալ:  Ապրելու տեղ չունենք, հյուր էինք եկել: Հինգ օր է անորոշության մեջ ենք: Խնդրում ենք,  կողմերից որևէ մեկին՝ լուծել մեր խնդիրը»,- ասաց Դիլանյանը: