յսօր՝ հունիսի 12-ին,  բողոքի ակցիա է մեկնարկել Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի դիմաց։ Բողոքողները թռչնաֆաբրիկայի աշխատակիցներն են։ Պատճառը դարձել է նոր տնօրեն Հրաչ Բագրատյանի որդեգրած քաղաքականությունը․ հիմնարկը սնանկ է և ժամանակավոր կրճատումներ են նախատեսվում։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում, տնօրենը, ով այս պաշտոնում աշխատում է ընդամենը 5 օր, ներկայացրեց իրավիճակը։

 

«Հիմանդիրները խնդիր են դրել հիմնարկն առողջացնել, ավելացնել թռչնաքանակը, կրճատել ծախսերը։ Հատկապես հիմա, երբ ձվի գինը շուկայում նվազել է, բավականին բարդ է այդքան աշխատավարձ տալ աշխատակիցներին։ Խնդրել ենք ստորաբաժանումների ղեկավարներին՝ այս շրջանում հնարավորին չափ օպտիմալիզացնել աշխատակիցների թիվը։ Սա ժամանակավոր է լինելու, քանի որ պայմանագիր ունենք և հուլիսի 15-ից նախատեսում ենք ճուտ ավելացնել, մեծացնել արտադրությունը, ըստ այդմ, նաև աշխատակիցների կարիք կունենանք և կվերադարձնենք։ Շատերը չեն փորձում հասկանալ, որ ֆաբրիկան, փաստացի, գտնվում է բանկրոտ վիճակում, և այն ահռելի ծախսերի պայմաններում, որը մենք ունենք, բանկը չի ցանկանա մեզ ֆինանասավորել»,- նշեց տնօրենը։

Նա նաև հավելեց, որ խոսքը գնում է 34 աշխատակիցների մասին, և, եթե ամեն ինչ լավ գնա, աստիճանաբար կվերադարձնեն նրանց։ Նա նաև նկատեց, որ չի կարող ասել, որ բոլորին են վերադարձնելու, բայց իրենց աշխատողներին պահելու սկզբունքն առաջնային է իրենց համար, քանի որ նրանք արդեն կայացած մասնագետներ են։ 

հավելենք, որ այսօր Լուսակերտի թռչնաֆաբրիկայում է եղել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը,  ում այցը տնօրեն Հրաչ Բագրատյանը գնահատեց դրական․ «Շատ պիտանի այց էր, ինքը փորձեց և իր մոտ ստացվեց հարթել բոլոր անկյունները, թեպետ տնօրինության կողմից անկյուններ չկան. ես ինքս հիմնադիրներից եմ այս ֆաբրիկայի, տարինար առաջ նույնպես եղել եմ տնօրենը, և ինձ հաճելի չեն այս կրճատումները, ինքս էլ դեռ առանց աշխատավարձի եմ աշխատում։ Պարոն Պետրոսյանը փորձեց հասկացնել, որ սա մասնավոր սեփականություն է, ճանապարհ փակելով չեն կարող տնօրեն փոխել»։

Հրաչ Բագրատյանը նաև պատմեց, որ աշխատակիցները տնօրենի մեջ են տեսնում խնդիրը,  իրենք են ցանկանում տնօրեն ընտրել՝ կարծելով որ նոր տնօրենն եկավ և իր հետ բերեց կրճատումներ։