Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունվեց ընտրությունների ժամանակ կատարվող հանցագործությունների մասին Քրեական և մի շարք օրենսգրքերում կատարված փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթը։ 

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հանրապետական խմբակցության անդամների առաջարկությունները ընդունվել են, կատարվել են որոշ հստակեցումներ։ 

 

«Ընտրախախտումներ կատարող անձնանց նախատեսված տուգանքից, ազատազրկումից բացի կկիրառվի նաև կալանք սանկցիան՝ 2-ից 3 ամիս ժամկետով։ Դատարանն ունի հնարավորություն գնահատելու արարքը և որոշելու՝ անձը պատասխանատվության է ենթարկվելու տուգանքո՞վ, կալանքո՞վ թե՞ ազատազրկմամբ»,- նշեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «Մեր խորին համոզմամբ, այլևս որևէ լուրջ մտահոգություն այս նախագծի վերաբերյալ չպետք է լինի»,- ասաց Հովհաննիսյանը։

Աժ պատգամավոր Գևորգ Կոստանյանը քվեարկությունից առաջ հայտարարեց․

«Կառավարության ներկայացուցիչը հստակ ֆիքսեց, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք մենք հայտնել ենք, փարատված են։ Մենք առավոտյան էլ նախագիծը նայեցինք, և մեր բոլոր առաջարկներն ընդունվել են, հետևաբար, կառաջարկեմ իմ գործընկերներին, որ կողմ քվեարկենք»։

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ելույթում չնշվեց քվեաթերթիկը ընտրատեղամասից դուրս հանելու դեպքի մասին։

«Խոսքը «կարուսելի» մասին է, երբ դատարկ քվեաթերթիկը դուրս են հանում, տալիս են ընտրակեղծիքների կազմակերպիչներին, և նրանք քվեարակած տալիս են ընտրողին։ Չի կարելի դատարակ կամ քվեարկած քվեաթերթիկը հանել ընտրատեղամասից։ դա քրեորեն պատժելի արարք է»,- ասաց Մարուքյանը։

 

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ևս նախագծին կողմ քվեարկելու կոչ արեց․

«Կառավարությունը դրրսևորեց բարձր պրոֆեսիոնալիզմ, ադեկվատություն, և արձագանքեց այն իրավական մտահոգություններին, որոնք մենք ունեինք: Նախագիծը դարձավ իրավաբանորեն գրագետ նախագիծ»,-ասաց Արփինե հովհաննիօսյանը: