Աուտիզմով տառապող 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն այս պահին կատարում են նրա ծնողները: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայկի եղբայրը՝ Գոռը:
Գոռի խոսքով՝ առայժմ ոչ մի նորություն չկա Հայկի գտնվելու վայրի հետ կապված, սակայն նա մեզ փոխանցեց, որ իր ծնողները ոստիկանության հետ միասին շրջում են, մասնավորապես, Արագած համայնքում:
«Ոչ մի հետք, ոչ մի նորություն դեռ չունենք, կամավորների խումբը տևական ժամանակ է՝ դադարեցրել է իր աշխատանքները և միայն ընտանիքն ու ոստիկաններն են զբաղվում եղբորս հարցով»,-ասաց Գոռը:
Մենք նաև զրուցեցինք Հայկ Հարությունյանի որոնումների կամավորական աշխատանքները համակարգող Արուսիկի հետ, ով նշեց, որ շուրջ 2 ամիս է՝ դադարեցրել են իրենց աշխատանքները, սակայն 14-ամյա Հայկի մայրիկի՝ տիկին Հասմիկի հետ կապը պահում են: Ըստ մեր զրուցակցի՝ Հայկի մայրիկը հեռախոսազրույցների ընթացքում կասկածներ է հայտնել, որ շատ հնարավոր է՝ Հայկը ինչ-որ մեկի տանն է: «Երևի Հայկին մեկը գտել ու իր տանն է պահում, օգնություն որպես, չգիտեմ, թե որտեղ կարող է լինել տղաս, այլ բան չեմ ուզում մտածել»,-Արուսիկի հետ վերջին անգամ հեռախոսազրույցի ժամանակ այսպես էր ասել Հայկի մայրը՝ տիկին Հասմիկը:
Հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի 8-ին, 17:00-ի սահմաններում, Այնթափում տնից դուրս եկած և անհետ կորած 14-ամյա Հայկը տառապում է աուտիզմով: Երեխան ոտաբոբիկ է, հագին եղել է կանաչ շապիկ, կիսաանդրավարտիք (շորտ): Երեխան խոսել չի կարողանում։