։Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» սեպտեմբերի 9-ից 10-ը տեղի է ունեցել «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով կոնֆերանս: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մեթոդագործնական պարապմունքները և կոնֆերանսը կազմակերպել էր ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունը և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը, որին մասնակցում էին զորամիավորումների, զորամասերի հրամանատարների' ԱՀՏԱ գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, զինվորական հոսպիտալների բժիշկ-մասնագետներ, ՀՀ զինվորական դատախազության, քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հոգեբանական օգնության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հոգեբույժ-հոգեբան մասնագետներ և դատաբժիշկ-հոգեբաններ:
Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ներկայացրել են զինծառայողների շրջանում ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները և կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Ներկաները կարևորել են նմանատիպ հանդիպումները, որոնք նպաստում են զինված ուժերում ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: