ՀՀ կառավարությունը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելու նպատակով առաջարկում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։
Այս մասին տեղեկացավ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:
«Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։
Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակում կատարված հաշվարկներում, 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով): Ըստ այդմ՝ սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից»,- նշված է նախագծում:
Ըստ նախագծի` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված՝ նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով։
2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497 հազար 394, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463 հազար 69 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32 հազար 420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։