«Երկվա հայտարարությունը խայտառակ երևույթ էր։ Դժբախտություն է մեր պետության համար, երբ մարդիկ հեռախոսով որոշում են, թե հետագա գործողությունն ինչ պետք է անեն։ Դա պետության համար վտանգավոր երևույթ է»։ Համացանցում տարածված աղմկահարույց գաղտնալսված խոսակցության վերաբերյալ այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։
Նա, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր օլիգարխների թիկնազորներին ասֆալտներին պառկեցնելու մասին հայտարարությանը, ասաց․
«Նախ, պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է: Ինչ վերաբերում է, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, դա էլ շատ ճիշտ չէ: Եթե օլիգարխներ գոյություն ունեն, պետք է ասել, թե այդ օլիգարխներն ովքեր են: Դուք էլ ասում եք, ով է օլիգարխ, ես էլ պատասխանեմ: Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է՝ որ մոտ 30-40 հազար աշխատատեղ է բացել և մեր ժողովուրդն աշխատում է, դարձավ օլիգա՞րխ: Այլ բան է, որ աշխատանքի մեջ որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով կան համապատասխան ինստիտուտներ որոնք քննարկում են և կարծում եմ՝ բոլորն էլ ինչ-որ չափով կարող են օժանդակել այդ խնդրին»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ չի կարելի լինել երկրի վարչապետ և անընդհատ ընդդիմադիր խոսել:
«Եթե ասում է՝ Գագիկ Բեգլարյանն օլիգարխ է, պետք է ապացուցի, որ օլիգարխ է: Ի՞նչ է նշանակում օլիգարխ, ի՞նչ են արել, որ օլիգարխ են: ԵԹե կառուցվածաքային խնդիրներում մարդիկ կան որոնք լավ չեն դրսևորել իրենց՝ պետք է պատասխան տան: Դա ոչ թե մեր հանրապետությունում, այլ ամբողջ աշխարհում է այդպես»,-ասաց Սահակյանը։