Այսօր մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման հետ առնչություն ունի ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, ով առավել հայտնի է «Յուվեցի Կարո» մականվամբ:

Բանն այն է, որ Մկրտումյանի տան վրա հարձակված անձանցից մեկը Կարապետյանի նախկին թիկնապահ 49-ամյա Գագիկ Դանոյանն է, ով հայտնաբերվել էր Վրաստանում և ձերբակալվել:ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը մեկնաբանություն ստանալու համար զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, սակայն հաստատեց, որ ճանաչում է Գագիկ Դանոյանին.

«Գագիկ Դանոյանն իմ թիկնապահը չի եղել: Ինձ մոտ մարդ ա եղել. մի ժամանակ իրար հետ ենք աշխատել: Բայց արդեն մի յոթ ամսից ավել կլինի՝ իր հետ չեմ խոսել, հեսա հեռախոսազանգերն էլ կնայեն, կտենան: Բռնել են իրան ու մյուսներին, արդեն կասեն՝ ով ա եղել զակազչիկը»,- ասաց Կարապետյանը:

Ըստ լուրերի՝ Կարո Կարապետյանի անունը շրջանառվում է հետևյալ կոնտեքստում՝ վերջինս մի ժամանակ բանկերից մեկի հետ դատական վեճ է ունեցել, և վերջում Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել հօգուտ բանկի: Մեզ հետ զրույցում Կարապետյանը հերքեց տեղեկությունը՝ ընդգծելով, որ ինքը խնդիր չի ունեցել բանկերի հետ.

«Բանկերի հետ կապված խնդիր չեմ ունեցել: Արման Մկրտումյանի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ եղել»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ այս պահին ի՞նչ հարաբերություններ ունի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի հետ, Կարապետյանը պատասխանեց.

«Երկար ժամանակ է՝ չենք շփվել, մոտ մեկ ու կես տարի կլինի, բայց երբ շփվել ենք, նորմալ ա եղել ամեն ինչ, դատարանների հետ էլ կապ չեմ ունեցել, որ ինչ-որ լավ բան աներ կամ վատ բան»:


Սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր նաև երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել էին զենքերը։Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի:

Նշենք, որ բացի Գագիկ Դանոյանից, այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի: Վերջիններս կալանավորված են:

Սոնա Հարությունյան