Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ վերջինս հետաքրքրվել է ղարաբաղյան կարգավորման հեռանկարով, ինչը հարց է առաջացնում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցը պայմանավորված էր հենց ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներով և Մոսկվա, Փարիզ ու առաջիկայում Վաշինգտոն կատարվող այցերը ի՞նչ կապ կարող են ունենալ բանակցությունների հետ։ Այս հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ, որը նկատեց, որ անմիջական կապը կայանում է նրանում, որ Ֆրանսիան հանդես է գալիս որպես ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահողների ներկայացուցիչներից մեկը։
«Պարզ է, որ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս գործընթացի ժամանակ աշխատում են միասին։ Եվ նրանք փորձում են ցուցաբարել միասնական դիրքորոշում, մշակել այն տարբերակը, որն ընդունելի է կողմերի համար։ Այն հանգամանքը, որ Ֆրանսիան այսքան տարիներ եղել է բարեկամական, ԵՄ երկրներից ամենահամագործակցային երկրներից մեկը Հայաստանի համար, տնտեսությունը մի կողմ թողած, քաղաքական մակարդակի վրա ևս դրական զարգացումներ կան, որը ևս ինչ-որ մի դրական լիցք է ամբողջ գործընթացի համար»,-ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ բացի նրանից, որ Արցախի խնդրի շուրջ կա բանակցային գործընաց, կա նաև Արցախի ինքնիշխան պետականության հարց, և տարբերակը, որը մշակվելու է բանակցային գործընթացի ժամանակ, պետք է վավերացվի նաև Արցախում։
Քաղաքագետը նկատեց, որ այցի շրջանակներում Արցախյան խնդիրը միակ հարցը չէ, որ քննարկվել է։
«Բնականաբար, քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հարցեր։ Այնտեղ օրակարգի կարևորագույն հարցերից է եղել ներդրումների ապահովումը՝ փորձը ներդրումներ ապահովել Ֆրանսիայից Հայաստան, որը կարևորագույն խնդիր է տնտեսության զարգացման համար»,-նշեց Մարկարովը և հավելեց, որ հոկտեմբեր ամսին Հայաստանում պետք է տեղի ունենա լոկալ մասշտաբով խոշոր միջոցառում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակներում կքննարկվեն այդ բոլոր հարցերը։
Արմինե Արմենակյան