Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն, ընդհանուր առմամբ, երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով մի շարք փողոցներում ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը, ինչպես նաև առանձին վայրերում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:

Սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը նշեց, որ Հանրապետության և Շահումյանի հրապարակներում ժամը 24:00-ից սկսած արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը, արգելվելու է նաև այն վայրերում, որտեղ բեմեր են տեղադրվելու:

«Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցներում սեպտեմբերի 21-ին ժամը 10:00-ից ընդհանրապես արգելվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ամիրյան փողոցը փակ է լինելու Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյան փողոցը փակ է լինելու Սայաթ Նովա փողոցից սկսած, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից սկսած, Տիգրան Մեծ պողոտան՝ Խանջյանի խաչմերուկից սկսած: Ընդհանրապես փակ են լինելու Վազգեն Սարգսյան փողոցը, ինչպես նաև Զաքյան փողոցը ՝ Գրիգոր Լուսավորիչ Զաքյան խաչմերուկից սկսած»,- ասաց Նորիկ Սարգսյանը:

Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ազգաբնակչությանը, ժամը 24:00-ից սկսած, այն վայրերում, որտեղ բեմեր են լինելու և կան կայանված մեքենաներ, վարորդներ դրանք ինքնակամ դուրս բերեն այդ վայրերից: Ոստիկանությունը նաև կոչ է անում սեպտեմբերի 21-ին հնարավորինս զերծ մնալ մայրաքաղաքի փոքր կենտրոնում երթևեկելուց: