Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կենտրոնը լինելու է Հանրապետության հրապարակը, իսկ միջոցառումը՝ տարբերվող ու աննախադեպ։ Այս մասին ասյսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Անկախության համար ընտրել ենք «Դու անկախ ես» կարգախոսը, որը հստակ ուղերձ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»,- ասաց Աղաջանյանը։

Նա նշեց, որ այդ օրը հրապարակ տանող բոլոր փողոցները փակ են լինելու ավտոերթևեկության համար։ Բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն՝ ներառելով մշակութային բոլոր շերտերը։

«Միջոցառումը նախկինում կազմակերպվածներից կտարբերվի նաև նրանով, որ հանդես կգա ոչ թե արտիստների մի որոշ խումբ, որն օգտվում է պետության կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու մենաշնորհից, այլ կտեսնեք երիտասարդ դեմքերի»,- ասաց Աղաջանյանը։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ բազմազան միջոցառումներ են կազմակերպվելու, մշակութային միջոցառումները ևս լինելու են բազմաժանր, լինելու է և ռոք երաժշտություն և ջազ, փոփ, դասական, ազգային ու էլեկտրոնային երաժշտություն:

Աղաջանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին ընդունելություն կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 հասցեի կառավարական շենքում։

Հանրապետության հրապարակում լինելու է նաև ցուցահանդես-վաճառք. հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտես: «Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրաքաղաքում տոնական միջոցառումները կամփոփվեն մեծ տոնական հրավառությամբ, որը կլինի ժամը 23:00-ին:

Նշենք, որ միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին: