Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակումից ի վեր ռուսական մամուլը և Հայաստանում Ռուսաստանի շահերը սպասարկող որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նա պետք է պաշտոնանկ արվի, քանի որ իր կենսագրությամբ չի համապատասխանում ՌԴ իշխանությունների պատկերացումներին, ու այդ երկիրը չի պատրաստվում աշխատել նրա հետ: Հրապարակումներում հաճախ է նշվում, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին դուր գալու համար պատրաստվում են պաշտոնանկ անել Արմեն Գրիգորյանին: Չի կարող գոհ մնալ նաև մեր հարևան Իրանը: Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի փորձագետն էր, այսինքն՝ Սորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արեւմտամետ։ Սակայն հարցն այստեղ միայն այն չէ, որ նրանից դժգոհ են Ռուսաստանում կամ Իրանում, այլ, որ առավել կարեւոր է` վարչապետ Նիկոլ Փաշինյանն է զգացել, որ նա չի համապատասխանում այս պաշտոնին: Որոշ տեղեկությունների համաձայն` վարչապետը փորձում է գտնել աշխարհաքաղաքական հայացքների տեսակետից հնարավորինս չեզոք, ընկալելի եւ կանխատեսելի գործիչ, ով նաեւ որոշակի փորձառություն ունի: Գրիգորյանն այս ընթացքում մի շարք քաղաքական «կիքսեր» է թույլ տվել: Օրինակ՝ նա, ըստ ռուսական Կոմերսանտի, ՆԱՏՕ–ի հետ Հայաստանի հարաբերությունը և Հայաստանի շահը այդ հարաբերություններում բացատրում է նրանով, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին ներգրավված է նաեւ Ադրբեջանը, եւ Հայաստանն այդպիսով տեղեկանում է, թե ինչպես է պատրաստվում ադրբեջանական բանակը: Այսինքն, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը բնորոշվում է մի տրամաբանությամբ, որն անլրջացնում է տարիներ շարունակ բավական բարդ եւ աշխատատար գործընթացը, պարզվում է, Հայաստանի շահն ընդամենը այն է, որ տեղեկանան, թե ինչպես է պատրաստվում Ադրբեջանը:
Հարթ չէր անցել նաև հուլիսի սկզբին Գրիգորյանի այցը Մոսկվա, և հանդիպումը ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Որոշ տեղեկությունների համաձայն` Պատրուշեւը հայտարարել էր, որ Ռուսաստանը ԼՂ հարցում փուլային տարբերակի կողմնակիցն է, իսկ Արմեն Գրիգորյանը չէր համարձակվել առարկել ավագ գործընկերոջը։ Արդյունքում` ՌԴ ԱԱԽ-ն հաղորդագրություն է տարածել՝ գրելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունության եւ ԼՂ խնդրի «խաղաղ փուլային կարգավորման» կողմնակիցն է։ Այն տարածելուց հետո հայկական կողմը գերջանքեր է գործադրել այն սրբագրելու՝ «փուլային կարգավորում» բառերը տեքստից հանելու համար։
Թեև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն այս էլ որերորդ անգամ հանրությանը ցանկանում է համոզել, որ ՌԴ ներկայացուցիչների հետ իր հանդիպումներն անցնում են փոխվստահության մթնոլորտում, այնուամենայնիվ, բոլոր հանգամանքները հուշում են, որ այդ հանդիպումները բավականին բարդ մթնոլորտում են կայանում։ Այնտեղ կարծես թե Արմեն Գրիգորյանի առջև շատ հստակ դրվում են անվստահության նոտաները։ Պարզ է, որ Ռուսաստանի համար չի կարող միևնույնը լինել, թե «Իսկանդեր» ունեցող Հայաստանում ով է տիրապետելու և կառավարելու ստրատեգիական նշանակության այդ զենքը։ Ի դեպ, խոսքը միայն «Իսկանդեր»-ի մասին չէ։ Շատ կոճակներ կան, որոնք նաև Հայաստանով են անցնում։ Այս խնդիրներն այնքան էլ վտանգավոր չէին լինի, եթե լուծվեին, բայց դրանք չեն լուծվելու, քանի դեռ Ռուսաստանում չեն ցանկանում աշխատել անվստահելի մարդկանց հետ ու նրանց փոխանցել փաստաթղթեր։ Այդ ամենից տուժում է Հայաստանը։ Չի բացառվում, սակայն, որ անվստահության նոտաներն առկա են նաև Փաշինյանի մոտ: Գաղտնիք չէ, որ Գրիգորյանը ժամանակին անչափ մտերիմ է եղել Վարդան Օսկանյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, անգամ աշխատել է 7օր կայքում և հանրությանը ներկայացել է իբրև Քոչարյանի շահերի ներկայացուցիչ և պաշտպան: Գուցե Փաշինյանը գտնում է, որ ի տարբերություն ՌԴ և Արևմուտքի հետ մեր փոխհարաբերությունների՝ Քոչարյանի մասով Գրիգորյանի մոտ կտրուկ վերաիմաստավորումներ և հայացքների փոփոխություններ չեն եղել, իսկ քոչարյանական կադրին նման կարևոր պաշտոնին թողնելը իհարկե մեծ ռիսկեր է պարունակում Փաշինյանի համար:
Ս.Խաչատրյան