Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «Կուրսանտ» թերթին տված հարցազրույցում վերահաստատել է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում ներգրավվելու ցանկությունը: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դա կարող է լինել կուսակցության, շարժման, որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, նաև՝ կարող է անձնավորված, կամ ոչ անձնավորված լինել: Անդրադառնալով հարցին, թե ինքը, որ տարբերակին է հակված՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել»:
Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ ինքը քաղաքականությունից երբեք չի հեռացել: «Ինչպես ընդունված է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: Ես 10 տարի պասիվ եմ եղել: Իմ դիրքորոշումն արտահայտել եմ սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չեմ եղել, բայց այլ ակտիվություն չեմ ցուցաբերել: Հիմա ես շատ ավելի ակտիվ եմ արտահայտվելու»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Անդրադառնալով Հայաստանում վերջին ամիսների ներքաղաքական զարգացումներին՝ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին զգացել է բողոքական տրամադրությունները և ժամանակին գործել է: «Դա տպավորիչ էր»,- ասել է Քոչարյանը:
Հարցին՝ 4 ամիսը բավարար ժամանակ է՝ հասկանալու, գնահատելու համար իշխանության կոմպետենտությունը, կամ ոչ կոմպետենտությունը, հաջողությունը կամ անհաջողությունը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ դա բավարար ժամանակ է հասկանալու համար, թե որքանով է իշխանությունը կոմպետենտ, ինչ արժեքների վրա է հիմնվում, որքանով է այն ունակ համակարգային աշխատանքի: