Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է կողմերի կառուցողական մոտեցումներից: Եթե Ադրբեջանը շարունակի առաջնորդվել «կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ պատերազմ» սկզբունքներով, ապա, իհարկե, կլինի ոչինչ, իսկ ռազմական սպառնալիքներով նրանք միայն կչեղարկեն խնդրի խաղաղ կարգավորումը: Նման կերպ է արտահայտվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քո չարյանը ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանին տված իր հարցազրույցում: Նա պարզաբանել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի նախագծի վերաբերյալ իր իսկ եզրակացությանը հավանություն տալու որոշումը:
«Կառավարությունը հավանություն է տվել ոչ թե օրինագծին, այլ իր եզրակացությանը, որի նախագիծն է ներկայացվել ու ստացել հավանություն: Համաձայն այդ եզրակացության' Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Միանշանակ այստեղ խոսք չի գնում այն մասին, որ կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը: Այն կուղարկվի Ազգային ժողով, որտեղ կիրականացվեն ստանդարտ քննարկումներ: Ինձ հասկանալի չէ այս աժիոտաժը և թյուրըմբռնումը, քանի որ սա չորրորդ անգամ է, որ ես ներկայացնում եմ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու ընդդիմադիրների նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ»,-ասել է ԱԳ փոխնախարարը:
«Իսկ նախորդների եզրակացությունները նմանատի՞պ էին, թե՞ տարբերվում էին» հարցին ի պատասխան' Շավարշ Քոչարյանը նշել է. «Այո-այո, նամանատիպ էին: Բանը նրանում է, որ, իհարկե, մենք չենք բացառում հնարավորությունը, որի մասին հստակ շեշտել է նաև ՀՀ Նախագահը: Այն օրերին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ, նախագահն ասաց, որ եթե շարունակվեն այդ ռազմական գործողությունները, Հայաստանին ոչինչ չի մնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Այդ ամենի հետ մենք նաև մնում ենք մեր այն դիրքորոշմանը, որ հարցը պետք է լուծվի բացառապ ես խաղաղ բանակցությունների ճանապարհով' Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»:
Անդրադառնալով ռուս լրագրողի մեկ այլ հարցադրմանը, թե ինչու չի կարելի ճանաչել ԼՂ անկախությունը, հատկապես այսպիսի լարված իրավիճակում, ԱԳ փոխնախարարը նկատել է, որ կարելի է ճանաչել, սակայն Հայաստանն առաջնորդվում է այլ մոտեցումներով: «Կա բանակցային ձևաչափ, որը հենված է այսպես կոչված' Մադրիդյան փաստաթղթի վրա, որի դրույթները բացահայտվել են համանախագահող երեք երկրների նախագահների կողմից: Դրանք ենթադրում են փոխզիջումներ: Մի կողմից' Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ինչը նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները պետք է ընդունեն բոլոր երկրները, այդ թվում' Ադրբեջանը: Բացի այդ' խոսք է գնում նաև միջանցքի մասին, որը միացնում է Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղին, այսինքն' Ղարաբաղը չի կարող լինել անկլավ: Կան նաև հարցեր, որոնք հետաքրքրում են Ադրբեջանին: Դա վերաբերում է տարածքների, սահմանների հստակեցմանը, ինչպես նաև փախստականների հարցը, որը նաև մեզ է հետաքրրքում. բոլոր փախստականները պետք է ունենան հնարավորություն վերադառնալ իրենց բնակության վայր: Ահա բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի էությունը, որին հայկական կողմերը միշտ հավատարիմ են եղել' ի տարբերություն Ադրբեջանի, որն անընդհատ շեշտադրում է այն կետերը, որոնք միայն իրեն են ձեռնտու, և չի հրաժարվում հարցը ուժի կիրառմամբ լուծելուց»: