«Փաստ» թերթը գրում է.
Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել եւ բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել:
Արդյունքում, այս գործի վրա ծախսվում է մարդկային մեծաքանակ ռեսուրս ու էներգիա, ինչի հետեւանքով նախարարությունների բուն գործառույթները հաճախ տուժում են կամ իրականացվում գերմարդկային ճիգերի շնորհիվ:
Ավելին, այդ գործընթացը ոչ միայն բավական աշխատատար է, քանզի այդքան էլ հեշտ չէ միանգամից որեւէ փաստաթղթի նայելով՝ եզրակացություններ անել, այլեւ խիստ մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Հաշվի առնելով այդ բացահայտումների կարեւորությունը, մեր ունեցած տեղեկություններով, մի քանի նախարարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծել առանձին մարմին, ուր ներգրավված կլինեն տարբեր ոլորտների մասնագետներ, իրավաբաններ ու հատկապես ֆինանսիստներ:
Այս մարմինը կզբաղվի պետական կառույցներում կոռուպցիոն դրսեւորումների բացահայտմամբ. ընդ որում, խոսքը ոչ միայն նախկին ժամանակաշրջանի մասին է, այլեւ ապագա հնարավոր ռիսկերը ի հայտ բերելու եւ կանխելու:
Իսկ ահա նախարարություններն իրենց ռեսուրսներն ու ջանքերը կներդնեն իրենց հիմնական առաքելության իրականացման գործում: Թե ինչ որոշում է այս առումով կայացրել Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները դեռեւս տեղյակ չեն:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: