Սեպտեմբերի 23-24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվելու է Նյու Յորքում և մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում չի սպասվում։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանընկատեց, որ ՄԱԿ-ի հարթակում ԱՄՆ նախագահին հանդիպելը ամենահեշտ բանն է։
«Որովհետև ավելի դժվար է հանդիպում կազմակերպել Սպիտակ տանը, քան ամեն տարի սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի ասամբելայի շրջանակներում։ Որքան տեղեկանում եմ ԶԼՄ-ներից այդ հարթակը պաշտոնական Վաշինգտոնի կողմից արգելափակվում է, որպեսզի չհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուրախ կլինեմ եթե վերջին պահին մեր դիվանագետներին, մեր լոբբիստներին Վաշինգտոնում հաջողվի կազմակերպել Թրամփ-Փաշինյան հանդիպումը Նյու Յորքում»,-նշեց քաղաքագետը։
Ըստ նրա Թավշյա հեղափոխությունից հետո Արևմուտքի սպասելիքները շատ մեծ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է իր մտերմությունը պաշտոնական Մոսկվայի հետ։
«Դա Արևմուտքին դուր չեկավ և դրա արդյուքները մենք տեսանք Բրյուսելում տեղի ուենցած հանդիպումների արդյունքի վերլուծություններ անելով։ Ենթադրությունն այն է, որ Արևմուտքում ոչ միանշանակ ընդունվեց Հայաստանի Թավշյա հեղափոխության արդյունքները։ Արևմուտքը մեծ ուրախությամբ արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, միևնույն ժամանակ Արևմուտքն այդ ամենի արդյուքնում սպասում էր կոնկրետ քայլեր ՀՀ իշխանություններից։ Պարոն Փաշինյանին Բրյուսելում շատ լավ հասկացրին, որ հեղափոխություն անելով ինչ-որ ֆինանսական դիվիդենտներ, օգնություն կամ ներդրումներ սպասելը շատ միամտություն կլինի պաշտոնական Երևանի կողմից»,-նշեց Համբարյանը հավելելով, որ Արևմուտքը սպասում է կոնկրետ քայլերի, իսկ կոնկրետ քայլերն այն է, որ բոլոր երկրներում, որտեղ տեղի են ունեցել այսպիսի հեղափոխություններ տեղի է ունեցել արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձ։ Օրինակ՝ 2003 թվականի նոյեմբերին, երբ Միխայիլ Սաակաշվիլին եկավ Վրաստան իշխանության՝ առաջին քայլերից մեկն այն էր, որ Վրաստանից դուրս բերվեցին միանգամից 3 ռուսական ռազմաբազաներ։
Քաղաքագետը սակայն խելամիտ չի համարում միայնակ անվտանգություն ապահովելը։
«Հաշվի առնելով Հայաստանի բարդ տարածաշրջանում լինելն ու Թուրքիայի և Արդբեջանի նման վտնագավոր հարևաններ ունենալը, ցավոք, Հայաստանը չի կարող միայնակ ապահովել իր անվտանգությունը։ Ես շատ ուրախ կլինեի ապրել այնպիսի Հայաստանում, որի մասին, օրինակ, խոսում են «Սասնա Ծռերը», երբ նրանք հայտարարում են, որ շատ լավ կլինի որ հայ-թուրքական սահմանը պաշտպանեն հայ սահմանապահները, սակայն, այստեղ սա ես համարում եմ ֆանտաստիկայի ժանրից»,- ասաց Համբարյանը։
Անդրադռանալով արտաքին քաղաքականության միավեկտոր լինելուն՝ քաղաքագետը կարծում է, որ ՀՀ-ն բացահայտ վտանգների հետ է առնչվում, և ինքնըստինքյան չի կարող նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ փոխել իր արտաքին քաղաքականությունը։
«Նույն Թավշյա հեղափոխության որոշ ակտիվ ուժերի ժամանակին հակառուսական հռետորաբանությունը և Պուտինի դեմ անցկացված միջոցառումների ակտիվ մասնակցությունը բերում է նրան, որ պաշտոնական Մոսկվան 100 տոկոսով չի վստահում ՀՀ իշխանություններին, և նա բացահայտ դա ցույց է տալիս՝ միտումնավոր անուններ հնչեցնելով։ Սրանք բոլորը պետք է հաշվի առնենք»,-ավելացրեց քաղաքագետը։
Արմինե Արմենակյան