Երևանի թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը նշեց, որ քվեարկել է հանուն 21-րդ դարի բարեկարգ և հարմարավետ Երևանի: «Մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մեր շուրջը հավաքված են իրապես մասնագետներ: Մենք ունենք մրցունակ ծրագիր և կարող ենք Երևանը զարգացնել»,-ասաց նա
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է կոալիցիա լինի ընտրություններից հետո, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ չի կարծում, որ որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն հավաքի, սակայն ամեն դեպքում չբացառեց կոալիցիան:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ վերջին օրեր տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, նշեց որ լռության օրը խախտվել է և իրականացվել է հակաքարոզչություն:
«Այս քարոզարշավի օրերին ապատեղեկատվություն է տարածվել, թե, իբր Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներն ընտրակաշառք են բաժանում: Ես դիմում եմ ոստիկանապետին, եթե դեպքերի վերաբերյալ որևէ փաստ չեք ներկայացնում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն կեղծ ահազանգ տվողները»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ այս գործողություններով փորձ է արվել կազմալուծել իրենց ակտիվի աշխատանքը: Նա կարևոր համարեց համերաշխության մթնոլորտում ընտրությունների անցկացումը՝ ընդգծվելով որ պատրաստ է աշխատել իր բոլոր գործընկերների հետ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում սեպտեմբերի 22-ին ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացնում էր ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով տեսանյութեր է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:
Ոստիկանությունից ահազանգ են ստացել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ վայրում ընտրակաշառք է բաժանում, ինչին անմիջապես արձագանքել են:
Իվետա Տոնոյանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված տեսանյութերից մեկում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ սուտ մատնության դեպքեր են եղել առ այն, թե իրենց մոտ ընտրակաշառք են բաժանում: Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ սուտ մատնության նման դեպքեր էլի են եղել, սակայն համապատասխան հոդվածով որևէ քրեական գործ չի հարուցվել:
Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իրենց ակտիվիստների աշխատանքը:
Երևանում մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ից բացվել են Երևանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը: