Օրեր առաջ՝ սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը Արա Պապյանի դեմ հայց է ներկայացրել և պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության դիմաց։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը նկատեց, որ իր դեմ հարուցված դատական գործի մասին տեղեկացել է հրապարակումից.
«Տարբեր ժամանակ, տարբեր հարցազրույցներ եմ տվել, բնականաբար, անդրադարձել եմ և՛ Քոչարյան հոր, և՛ որդու գործունեությանը: Սակայն չգիտեմ՝ որ միտքս են համարում զրպարտություն: Բնականաբար, ասած կլինեմ, որ Սեդրակ Քոչարյանի անունով սեփականություններ կան: Ես կարծում եմ, որ վերցնելու են մի ձևական նախադասություն, որը գուցե հստակ ձևակերպված չի եղել, դրա մեջ փնտրել են իրավական տարրեր: Հիմա կասեն՝ եթե այս բանն ասել ես՝ ապացուցի, եթե ոչ՝ ուրեմն զրպարտում ես»,- ասաց նա։
Նա նշեց՝ սպասում է պաշտոնական կարգով ծանուցման, որից հետո կկարողանա պարզաբանում տալ:
Հարցին՝ եթե դատարանն իրեն մեղավոր ճանաչի, պատրա՞ստ է փոխհատուցել, Պապյանն ասաց.
«Եթե դատարանը նման վճիռ կայացնի՝ բնականաբար կխորհրդակցեմ իմ պաշտպանների հետ, թե ինչ կարգով պետք է դիմեմ ավելի բարձր դատարան: Բնականաբար, կբողոքարկեմ: Այստեղ խնդիրը ոչ 2 մլն դրամն է, ոչ էլ իմ անձը: Սեդրակ Քոչարյանը սրանով լուծում է երկու հարց՝ ինքնապաշտապանության հարցը, քանի որ հարձակումը լավագույն պաշտպանությունն է, մյուսն էլ՝ աչք են վախեցնում»,- նշեց Պապյանը:
Նշենք, որ Սեդրակ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել նաև Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Դրանից անմիջապես հրավիրված ասուլիսին Վանեցյանը խոստացել էր մոտ ապագայում խոսել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլոց ունեցվածքների ու դրանց ձեռք բերման ուղիների մասին. Կներկայացվի, թե ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը` 6 միլիոն դոլար կաշառք տալով և այլն և այլն… Ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, ունենք սխեմա, թե ինչպես է գալիս ու վերջում Քոչարյան ընտանիքը դառնում սեփականատեր։ Արդեն իսկ փողերի լվացման հոդվածով հարուցվել է քրեական գործ, բայց ապօրինի հարստացում նրանց չի սպառնում։ Իսկ խոսքը հարյուրավոր միլիոնի դոլարների մասին է»,– ասել էր Արթուր Վանեցյանը։
Սոնա Հարությունյան