Ինչպես տեղեկացնում է ria.ru կայքը, Մոլդովայի Սահմանադրական դատարանը Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է երկրի նախագահի պարտականությունների կատարումից:
«Արձանագրվում են հանգամանքները, որոնք արդարացնում են պաշտոնից նախագահի ժամանակավոր հրաժարականը՝ նախարարների նշանակումը մերժելու պատճառով, որոնց թեկնածությունը վարչապետը երկրորդ անգամ էր առաջարկել»,- ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Միխայիլ Պոալելունժը:
Սեպտեմբերին երկրի վարչապետ Պավել Ֆիլիպը Դոդոնին առաջարկել էր երկու նոր նախարարների թեկնածությունները: Առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար նախատեսվում էր նշանակել Սիլվիո Ռադուին, գյուղատնտեսության եւ տարածքային զարգացման նախարար՝ Նիկոլայ Չուբուկին, սակայն Դոդոնը դեմ է հադես եկել:
Նախագահը նշել էր, որ Ռադուն բժշկական կրթություն չունի, իսկ Չուբուկինը «անկաշառելիության ոլորտում» խնդիր ունի:
Ըստ Մոլդովայի Սահմանադրության՝ նախագահը միայն մեկ անգամ ունի հնարավորություն մերժելու վարչապետի առաջարկը նախարարի թեկնածուի համար:
Երկրորդ անգամ նախագահին կարող են ժամանակավորապես հեռացնել նախագահական պարտականություններից, որպեսզի վարչապետը և ԱԺ նախագահը կարողանան ստորագրել նոր նախարարի նշանակման որոշումը:
Դոդոնին երեք անգամ ժամանակավորապես պարտականությունների կատարումից հեռացրել են, ընդ որում՝ երկու անգամ դա կապված էր նախարարների թեկնածուներին հաստատելուց հրաժարվելու հետ՝ 2017-ի հոկտեմբերին եւ 2018-ի հունվարին, երբ նա երկու անգամ մերժել էր կառավարության առաջադրած թեկնածուներին: Երկու անգամ էլ նոր նախարարների նշանակման հրամանները ստորագրել էր երկրի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն: