«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Հայաստան է վերադարձել 2008թ. Մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ զրուցել նրա հետ, սակայն հեռախոսը պատասխանեց մեկ այլ անձ` նշելով, որ Հայկ Հարությունյանն այստեղ է, սակայն խոսել չի կարող զբաղվածության պատճառով:

 

Մեր այն հարցին, թե իրեն Մարտի 1-ի գործով հարցաքննել են, ՀՀ նախկին ոստիկանապետի հեռախոսը պատասխանող անձը նշեց, որ ոչինչ ասել չի կարող, միայն կարող է ասել, որ Հայկ Հարությունյանը չի կարող խոսել, քանի որ շատ զբաղված է: Հատկանշական է փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի նախաքննությունը նոր թափ ստացավ, եւ հիմա այն քննվում է բոլոր դրվագներով: Ու ենթադրվում է՝ այս գործով մեղադրյալներից մեկն էլ պետք է լինի հենց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Ի վերջո, ինչպես տեղեկացրել էր ՀՔԾ-ն՝ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Ազատության հրապարակում հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Իսկ հետո ոստիկանության հակաօրինական գործողությունները կոծկելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել պաշտոնական փաստաթղթեր:

Հասկանալի է՝ այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանի եւ նրա տեղակալների հանձնարարությամբ: Այնպես որ, տրամաբանական է, որ նա իր նախկին տեղակալների հետ էլ համալրի մեղադրյալների ցանկը, ճիշտ այնպես, ինչպես այսօր մեղադրյալի կարգավիճակում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: