«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործի շրջանակներում նոր մեղադրանք է առաջադրել 2008թ. ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին: Ավելին, երեկ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը դեռ որոշում չի կայացրել. այս գործով դատաքննությունը կշարունակվի այսօր:
Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մեծ է հավանականությունը, որ դատարանը կբավարարի ՀՔԾ միջնորդությունը, եւ Արմեն Գեւորգյանը կկալանավորվի: Այդ են հուշում ե՛ւ մեղադրանքի բովանդակությունը, ե՛ւ, ընդհանրապես, իրադարձությունների ընթացքը: Դեռ օգոստոսին Ա.Գեւորգյանին մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, եւ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը: Հիմա այդ մեղադրանքին ավելացել է եւս մեկը` սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը: Առայժմ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Գեւորգյանի փաստաբանները չեն մանրամասնում, թե Գեւորգյանն ինչպես է օժանդակել սահմանադրական կարգի տապալմանը:
Պաշտպան Էրիկ Անդրեասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասել է, թե «Քրեական իրավունքի տեսության համաձայն` օժանդակելը կարող է լինել թե՛ ինտելեկտուալ, թե՛ ֆիզիկական, ինչը նշանակում է որոշակի տեղեկություններ տրամադրելը կամ խոչընդոտներ վերացնելը, որն ուղղված կլինի հանցագործության կատարմանը»: Եթե հիշենք` ով էր Արմեն Գեւորգյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ինչ դիրք էր զբաղեցնում իշխանական հիերարխիայում, ապա կարելի է ենթադրել մեղադրանքի բովանդակությունը:
Բացի այդ, Գեւորգյանը մեկ ուրիշ գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար. այս երկու մեղադրանքը եւս նոր է առաջադրվել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: