Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ կազմակերպված Բելգիայում ՀՀ դեսպանության, ԵՄ-ում ՀՀ առաքելության, և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընդունելությանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի խորհրդարանի բարձրաստիճան անդամներ, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության, Բելգիայի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծաթիվ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ, գործարարներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ։
ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ 2018 թվականը նշանավորում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը, այլև Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա և մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանները:
ՀՀ դեսպանն ընդգծել է, որ մեր երկրի առաջընթացի և նրա նկատմամբ միջազգային հանրության վստահության մասին է վկայում նաև այն, որ Հայաստանը շուտով հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու են մոտ 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հարյուրավոր պատվիրակություններ և հազարավոր հյուրեր:
Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումներին, արտաքին քաղաքականության կայուն ընթացքին, խոսել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման ու հայ-բելգիական փոխգործակցության մասին՝ կարևորելով մասնավորապես Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը նոր գլուխ է բացել Հայաստանի և ԵՄ հարաբերություններում՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի: