Հռոմի Սուրբ Վլասի անունը կրող եկեղեցում սեպտեմբերի 21-ին նշվել է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Ռադիո Վատիկանը, ՀՀ անկախության տարեդարձը նշվել է Վատիկանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Տոնական արարողությունը մեկնարկել է Արևելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ Լեոնարդո Սանտրիի մատուցած պատարագով: Միջոցառմանը մասնակցել են Վատիկանում հավատարմագրված այլ դեսպանությունների ներկայացուցիչներ, կղերականներ, ինչպես նաև հայ և օտար ազգի այլ հավատացյալներ:

 

Իր ելույթում Կարդինալ Սանտրին խոսել է հայ ազգի նկատմամբ Աստծո ողորմածության մասին, քանի որ հենց հայ ազգին է շնորհվել քրիստոնեությունն ընդունելու պարգևը: «Հիշել ազգային տոնը, նշանակում է գոհություն մատուցել Տիրոջը խաղաղության, արժանավորության, և ժողովուրդների զարգացմանը ծառայելու համար, որոնք Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև 1992թ. հաստատված դիվանագիտական հարաբերությունների հիմքն են»,- ասել է Կարդինելը՝ հիշելով ու կարևորելով Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի այցը Հայաստան, ինչպես նաև 2015թ. Ֆրանցիսկոս պապի՝ Վատիկանո ւմ մատուցած պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Կարդինալը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման գործում: «Մենք ցանկանում ենք լինել ժառանգորդները և վկաներն այն բանի, որ սուրբ Աթոռի և Հայաստանի միջև բարեկամությունը շարունակվի ու պարգև դառնա Կովկասին, Միջին Արևելքին, ամբողջ աշխարհին»,- ասել է Սանտրին՝ հավելելով, որ մոտակա օրերին պետք է մեկնի Հայաստան՝ որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատգամավոր, իր մասնակցությունը բերելու Էջմիածնում տեղի ունեցող Մյուռոնօրհնեքի արարողութ յանը, ինչպես նաև Սրբոց Նահատակաց կաթողիկե աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը, որը պիտի տեղի ունենա ապրիլի 24-ին: