Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ մանկավարժներ հոկտեմբերի 1-ին դասադուլ են հայտարարել՝ տնօրենի հրաժարականի պահանջով:
Սակայն այսօր ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իմանալով դասադուլի մասին՝ եկել է դպրոց և պարզել, որ դա ապատեղեկատվություն է. «Պարզվում է՝ գործադուլ է, որը երեխաների հետ ընդհանրապես կապ չունի: Պահանջում են տնօրենի հեռացումը, բայց մենք գոհ ենք մեր տնօրենից: Ոչ մի ուսուցիչ չի հեռացվել դպրոցից, նրանք իրենք են հեռանալու դիմում գրել»,- ասաց ծնողը:
Կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Թորոսյանն էլ նշեց, որ ինքը դիմում է գրել, քանի որ արդեն տարիքը չի ներում և այլևս չի կարողանում աշխատել. «Ես խնդրել եմ ինձ աշխատանքից ազատել, բայց տնօրենը նույինիսկ չի ազատել ինձ, քանի որ գտնում է, որ պետք եմ դպրոցին, պետք է մնամ և աշխատեմ: Դպրոցում անառողջ մթնոլորտի պատճառը մեր ուսումնական մասով փոխտնօրենն է՝ տիկին Բաղրամյանը: Նա կոպիտ վերաբերմունք ունի երեխաների, ուսուցիչների, ծնողների նկատմամբ, նրանց վիրավորում է»:
Ծնողներից մի քանիսն էլ մեզ հետ զրույցում ասացին, որ երբ բերել են իրենց երեխային դպրոց ընդունելու՝ փոխտնօրենը թղթերը շպրտելով՝ ասել է՝ ի՞նչ դպրոց է, որ բերում եք այստեղ ձեր երեխաներին. «Դե, եթե վատ դպրոց է, թող ինքը հեռանա դպրոցից: Ամեն օր քաոսային իրավիճակ է դպրոցում, վիրավորանքներ է հնչեցնում բոլորի հասցեին, ձեռք է բասրձրացնում աղջիկ երեխաների վրա: Գործադուլի կազմակերպիչն էլ հենց ինքն է»,- պատմում են ծնողները:
Փոխտնօրեն Բաղրամյանն էլ ասաց, որ իրենք պատրաստվում են գնալ վարչապետի նստավայր՝ տնօրենի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու պահանջով. «Այն տնօրենը, որի վրա դատական գործ կա 325-րդ հոդված 1-ին մասով՝ կեղածարարության հոդվածով, նա չի կարող մնալ և աշխատել, քանի որ վատ ազդեցություն է ունենում հասարակությա վրա»,- ասաց փոխտնօրենը: