Ավշար համայնքի միջնակարգ դպրոցում այս պահին լարված իրավիճակ է:
ԼՈւՐԵՐ.com-ին Ավշարի դպրոցից հայտնեցին, որ իրավիճակի մասին մանրամասներ չեն կարող հաղորդել, քանի որ դպրոցում լարված մթնոլորտ է, ներկա են նաև իրավաբաններ, ոստիկաններ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլ է: Դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտները և ծնողները պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ դասադուլի մեկնարկի օրերին նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանը խոստացել էր մարզպետարանում ներկայացնել իր աշխատանքից ազատման դիմումը, որը սակայն՝ չիրագործեց:
Նշենք նաև, որ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ մասնավորապես շեշտելով, որ իր նշանակումը մարզպետի կողմից ուղղորդված չէ և նա դրան հասել է արդար ճանապարհով: Անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին և վիրավորանքներին՝ տնօրենը նշել է, որ իր անունն ու առողջությունն ավելի կարևոր է իր համար, իսկ իր դեմ դուրս եկած ուսուցիչներին երբևէ վատ վերաբերմունքի չի արժանացրել: