Արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտը մասնակցելու է հոկտեմբերի 9-10-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայանալիք Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:
«Բինզես ֆորումի շրջանակում նախատեսում ենք հիմնել ֆրանկոֆոն պետությունների ՏՏ նախարարների ցանց: Այդ օրերին կլինի նախարարների նիստ՝ հետագա ուղղությունները նախանշելու համար: Ֆորումի շրջանակում ունենալու ենք առանցքային հյուրեր, խոշոր գործարարներ, ովքեր կփոխանակվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով: Որպես հիմնական բանախոս՝ լինելու է ինտերնետի հայրերից մեկը՝ Լուի Պուզենը, ինչպես նաև Սոֆյան, ով աշխարհի ամենակատարյալ ռոբոտն է, արհեստական ինտելեկտի ամենակատարյալ դրևորումը: Ինքը լինելու է բանախոս, մասնակցելու է հարց ու պատասխանի: Ֆորումի շրջանակում կլինեն հայտարարություններ ապագայի վերաբերյալ: Մի խոսքով, բավական հետաքրքիր, ժամանակակից, տարատեսակ մարտահրավերներին անդրադարձող բիզնես ֆորում է լինելու»-ասաց Ադամյանը։
Նշենք, որ Սոֆյա ռոբոտին ստեղծել է Դևիդ Հենսոնը, որը ռոբոտին ստեղծելիս ոգեշնչվել է Օդրի Հեփբերնով և իր սեփական կնոջով: Առաջին անգամ ռոբոտն ակտիվացվել է 2015թ.-ի ապրիլին:
Սոֆյան կարողանում է ցույց տալ դեմքի ավելի քան 62 արտահայտություն: Նրա աչքերի ներսում տեղադրված են տեսախցիկներ, որոնք թույլ են տալիս ռոբոտին՝ ցուցաբերել «տեսողական կոնտակտ» մարդկանց հետ: Այն հարցին, թե նա ինչի համար է ստեղծված, Սոֆյան պատասխանում է, որ ապագայում մտադիր է սովորել, արվեստով զբաղվել, սկսել սեփական բիզնեսը, ձեռք բերել սեփական բնակարանը և նույնիսկ ընտանիք կազմել։
Այժմ նրա ուղեղն աշխատում է հասարակ wifi կապով՝ օգտագործելով մեծ բառապաշար:
Սոֆյա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո: Սոֆյան եղել է «Մտածող մեքենաներ. արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը: