Կառավարությունը հայտնվել է այն նույն դրության մեջ, երբ նախկինում Ազգային ժողովի հանձնաժողովներն առաջինից երկրորդ ընթերցման արանքում փոփոխություններ էին անում արագ եւ պատգամավորները մշտապես բողոքում էին, որ չեն հասցնում իրենց դիրքորոշումը հայտնել: Այս մասին այսօր ԱԺ նիստում ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Փոխնախարարն, անդրադառանալով ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ քննիչ հանձնաժողովներում նաև պաշտոնաթող անձանց պարտադիր ներկայանալու վերաբերյալ նախագծին՝ նշեց․

 

«Նախագծի վերաբերյալ երեկ կառավարության առաջարկն էր՝ միանշանակ հստակեցնել, որ խոսքը վերաբերում է այն պաշտոնաթող անձանց պարտականությանը, ովքեր այդ պարտականությունը ձեռք են բերել պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, իսկ քննիչ հանձնաժողովը ձևավորվել և այդ անձին հրավիրել է, երբ նա դեռ զբաղեցնում էր այդ պաշտոնը, և պաշտոնը թողել է քննիչ հանձնաժողովի հրավերքից հետո: Այս մասով խնդիր չունի կառավարությունը: Սակայն Գևորգ Պետրոսյանի առաջարկով՝ նախագծի թղթային տարբերակը մեզ հասանելի դարձավ  միայն երեկ երեկոյան: Եվ ամբողջությամբ պատրաստվել և դիրքորոշում հայտնելու հնարավորություն չունեցանք: Եվ այստեղ, փաստորեն, գործեց այն մեխանիզմը, որով նախկին կառավարությունն էր բերում նախագծերը և հանձնաժողովներում  ընթերցումների արանքում փոփոխություններ անում: Պատգամավորները մշտապես բողոքում էին, որ չեն հասցնում արտահայտել իրենց դիրքորոշումը: Հիմա, փաստորեն, կառավարությունն է ընկել այդ նույն դրության մեջ»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ այն թերի և բացասական է համարում:

Արդարադատության փոխնախարարը նաև անդրադարձավ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որը ներկայացրել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

 

«Առաջակը վերաբերում էր նրան, որ կանխեն այդ հնարավորությունը։ Այսինքն, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ իրականացնել, և դա էլ պայմանավորել այն հանգամանքով, որ վարչապետը հրաժարական տա և պայմանավորվածություն ձեռք բերի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, այլևս ժողովուրդը չի կարող պայքարել, որպեսզի իշխանությունը զբաղեցնի ժողովրդի ձայնը արտահայտող ներկայացուցիչը»,–նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ իրավական տեսանկյունից առաջարկը թերի է և բավականին հարցեր կան ներառելու և լուծում տալու: