Այսօր` օգոստոսի 27-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Արփինե Հովհաննիսյանի համահեղինակությամբ հրատարակված գրքի շնորհանդեսը: Իր ելույթում Հովհաննիսյանը նշեց, որ «Մեդիա իրավունք» ուսումնական ձեռնարկը միայն հայկական իրականությանը վերաբերող գիրք չէ, այն նորույթ է ոչ միայն հայկական իրականության մեջ, այլև տարածաշրջանում՝ իր համապարփակության տեսանկյունից:
Նրա խոսքով՝ գիրքն օգտակար կարող է լինել թե՛ լրագրողների, թե՛ իրավաբանների համար. «Սա այն ամենն է, ինչ պետք է լրագրողներն իմանան իրավաբանության մասին, իսկ իրավաբանները` լրագրության մասին: Լրագրողը, որը կկարդա և կծանոթանա գրքում ներկայացված կարգավորումներին ավելի պաշտպանված կլինի և բերելով իր իմացությունը հանրային տիրույթ իրավապահ մարմիններին կստիպի ուզենալով, թե չուզենալով կիրառել այդ պրակտիկան»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Գրքի շնորհանդեսին հրավիրված էին մեծ թվով քաղաքական, հասարակական գործիչներ, նախկին և ներկա պաշտոնյաներ: Նրանց թվում էին՝ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և այլք: