Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի  ներկայացուցիչ Անի Ալավերդյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը դատարանի կողմից վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են և նորից մուտքագրվել դատարան։ 

Ալավերդյանը վստահեցրեց, որ սովորական պրոցես է և քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա այդտեղ։ «Պրակտիկորեն սա նորմալ երևույթ է։ Մենք որևէ խնդիր չենք տեսել մեր դիմումը կրկին ներկայացնել դատարան։ Հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են անփոփոխ` պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները»,-ամփոփեց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը։

 

Հիշեցնենք, որ երեկ դատարանը վերադարձրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, քանի որ դրանում առկա էին մի շարք թերություններ։

Հիշեցնենք նաև, որ Սեդրակ Քոչարյանը 2018-ի սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա.Դավթյանին: Հայցադիմումը ներկայացվել է նրա ներկայացուցիչ Անի Ալավերդյանի անունից։

Սեպտեմբերի 11-ին, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ փաստերով են խոսելու:Նահավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես, ունենք ցուցմունք, ունենք հիմնավորում, ունենք սխեմա, ինչպես է Քոչարյանի ընտանիքը սեփականատեր դառնում», - ասել է նա։

Քոչարյանն ի պատասխան հայտարարել էր, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15-ին, երբ 6-7 տարի էր՝ պաշտոն չուներ: