Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կաշխատեն մայիսի 16-ին ներկա լինել Քոչարյանի գործով դատական նիստին: Այս մասին նա հայտնեց դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում:
«Պարոն Բակո Սահակյանը պաշտոնական հանդիպում ունի վաղը: Ցանկալի չէ, որ նա այդ հանդիպմանը չգնա, բայց քանի որ դատարանը բացառեց ուրիշ տարբերակ, կարծում եմ՝ կգան երկուսով ու կներկայանան դատարան»,- ասաց Ալումյանը:
Մայիսի 14-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը:
Մայիսի 15-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին ներկա լինեն դատական նիստին: Այդուհանդերձ, դատավորը Դավիթ Գրիգորյանը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Պաշտպանները հայտնեցին, որ իրենք կճշտեն՝ կկարողանա՞ն նախագահները ներկա լինել մայիսի 16-ի նիստին, թե ոչ: