«Ես սեպտեմբերի 23-ին շատ պատահական իմացա, որ նույն ամսվա 3-ից ազատված եմ աշխատանքից, իսկ թե ինչպես՝ ինձ ոչ ոք չի բացատրում»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գորիսի պետական համալսարանի դասախոս Հասմիկ Թունյանը։
Նախ նշենք, որ օրերս Գորիսի պետական համալսարանի ֆրանսերենի դասախոս Հասմիկ Թունյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում պահանջում էր համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականն ու համալսարանի ազատագրումը։ Թունյանը պնդում է, որ ռեկտորի ղեկավարման տարվանից սկսած (2016թ)՝ համալսարանը քաոսի մեջ է, իսկ Ղուկասյանը մեկը մյուսի հետևից դասախոսներին ազատում է աշխատանքից և իր մտերիմներով փոխարինում նրանց։Հասմիկ Թունյանը մանրամասնում է, որ ռեկտորն իրեն ազատելու համար անհիմն պատճառաբանություններ է առաջ բերում, այն է, թե տարիքային խնդիր կա՝ մեծ է արդեն։ Մինչդեռ մեր զրուցակցի խոսքով՝ համալսարանում իրենից մեծ՝ 70-ն անց մանկավարժեր ևս կան։
«Մինչև այս ռեկտորի՝ պաշտոնն ստանձնելը, ես 34 տարի եղել եմ ֆրանսերենի ամբիոնի վարիչ, նրա գալուց առաջ բոլորը սիրով էին և համերաշխ, այնուհետև ես դուրս եկա ամբիոնի վարիչի պաշտոնից և դարձա ամբիոնի աշխատակից ու սկսեցի աշխատել 0,3 դրույքով ու ստանալ ընդամենը 48,000 դրամ աշխատավարձ։ Նույնիսկ մի անգամ 10 րոպե ուշանալու համար միջանցքում բարձր տոնով խոսեց հետս ու հրեց։ Ռեկտորին այդ աշխատանքին տեղավորել է մեր նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկան»: Նա ՀՀԿ-ական է ու Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկը»,-ասաց նախկին դասախոսը։
Ըստ Թունյանի, ինքն անընդհատ դիմել է ռեկտորին իր դրույքը վերանայելու համար, նույնիսկ իր ամբիոնի վարիչն ու դեկանն են նույն հարցով դիմել, սակայն ապարդյուն, իսկ աշխատանքից ազատման մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ գնացել է ամբիոն՝ խնդրելու, որ 0,3 դրույք աշխատանքը գոնե փոխարինեն 0,25 դրույքի, իսկ աշխատակցուհին ասել է․ «Ներողոււթյուն, ինչպե՞ս փոխեմ Ձեր դրույքը, եթե Դուք ամսի 3-ով ազատված եք աշխատանքից», և սա այն դեպքում, երբ Թունյանը բնականոն աշխատանքը շարունակել է մինչև սեպտեմբերի 23-ը։
Հասմիկ Թունյանը փոխանցեց, որ աշխատանքից ազատման մասին իմանալուց հետո տեղեկացել է նաև, որ ռեկտորը թղթերի մեջ գրել է, թե նա իր կամքով 2 տարի շարունակ ժամավճար է ստացել, սկայն դա «իրականությանը չի համապատասխանում»։
Մենք կապ հաստատեցինք նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ, սակայն վերջինս, տեղեկանալով թեմայի մասին, առանց պատճառաբանելու՝ ասաց․ «Գրավոր դիմեք ինձ, ու ինձ հարցեր մի տվեք»։
Նշենք, որ Արտուշ Ղուկասյանը 2013 թվականին ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ստանալով «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժը, ազատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից, այնուհետև, 2016 թվականին նշանակվել ԳՊՀ ռեկտորի պաշտոնում։
Արմինե Միքայելյան