Այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բարձրացրեց ԱԻՆ պետական հրդեհային և անվտանգության տեսչության թվով 104 քաղծառայողների վերջնահաշվարկները վճարելու հարցը։
«Վարչապետի 2018թ-ի հունիսի որոշմամբ ԱԻ նախարարի 2018թ-ի դեկտեմբերի հրամանով պետական հրդեհային և անվտանգության տեսչության թվով 104 քաղծառայողներ ազատվել են աշխատանքից 2019թ-ի հուվարի 1-ից։ 2019թ-ի հունվարի 1-ից մինչև այսօր չի վճարվել աշխատանքից ազատված այդ թվով 104 աշխատակիցների վերջնահաշվարկի գումարները։ Ո՞վ է վճարելու և ե՞րբ են վճարելու արդեն իսկ աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկի գումարները»,- ասաց Սամսոնյանը։
«Ճիշտ եք ասում, դեկտեմբերին եղել է հրաման հակահրդեհային տեսչությունը մտել է տեսչական մարմնի կազմի մեջ և դրա պատճառով դուրս է եկել մեր կազմից, բայց քանի որ դրանից հետո ստեղծվել է հետաքննության վարչություն և այդ վարչությունում պետք է վերականգնվեր այդ աշխատողների որոշ մասը, իսկ որոշ մասը աշխատողների պետք է գնային տեսչական մարմնում աշխատանքի՝ քաղաքաշինության և հակահրդեհային տեսչությունում, դրա պատճառով ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված թողել ենք, որ մարդիկ տեղավորվեն, որից հետո նոր պետք է վերջնահաշվարկ կատարվեր։ Դրանից հետո մենք վերջնահաշվարկ տվել ենք, չգիտեմ ինչի մասին եք խոսում, էդտեղ շատ փոքր մասի մասին է գնում խոսքը՝ 2-3 մարդու, նրանց մասով էլ արդե որոշված է, իրենցն էլ արագ այս մի քանի օրվա մեջ կլինի, այնպես որ էնտեղ հարց չկա, դա ինչ որ եղել է, եղել է այն պատճառով, որ թողել ենք վերականգնվելու հարցը լուծվի, որովհետև հետո պիտի վերջնահաշվարկը այլ ձևով տայինք, երբ մարդիկ վերականգնվեցին նրանց վերջնահաշվարկի հարցը լուծվեց, հիմա մնացել է 2-3 հոգու հարցը, որովհետև նրանք վերականգնվելու հնարավություն ունեին»,- ասաց Ցոլակյանը։
Արձագանքելով Սամսոնյանը հայտնեց, որ արդ մարդիկ դիմել էին նաև ՄԻՊ-ին. «Դուք ՄԻՊ-ին պատասխանել էիք, հոկտեմբերի ամսի 2-րդ տասնօրյակում այդ գումարները կվճարվեն, սակայն չեն վճարվել»։ Ցոլակյանը նշեց, որ վճարումը կլինի մոտ օրերս, դրան ավելացնելու այլ բան չունի։