Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարելու հարցը պետք է մանրակրկիտ քննարկվի մեր ռուս գործընկերների հետ: «Այդ հարցը օրակարգային է ու իրավական դաշտում առկա է այդ հնարավորությունը, և ես հույս ունեմ, որ առաջիկայում որոշակի հստակեցումներ կլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները» թեմայով քաղաքականության սեմինարին այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար պարոն Արեգ Գալստյանը:

 

 

2015 թվականի սեպտեմբերի 8-ին բելառուսական Գրոդնոյում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետերի հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ պետություններին առաջարկել էր փոխադարձ հաշվարկներում անցնել ռուբլիի: Գազի դիմաց ռուբլիով վճարելը կօգնի Հայաստանի տնտեսությանը: Այս մասին սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով իր առաջարկին, որ Հայաստանը գազի դիմաց ՌԴ-ին վճարի ռուբլիով: «Գործընթացն արագ չի լուծվելու, սակայն մենք հարց ենք դրել օրակարգում: Ռուբլի-դոլար-դրամ տատանումներն ազդում են մեր տնտեսության վրա, այդ պատճառով մենք առաջարկում ենք, որ գազի դիմաց վճարենք ռուբլիով: Մենք շատ լավ առաջարկ ենք արել: Ռազմավարական և ԵՏՄ անդամ գործընկերներ ենք: Թող մի բան էլ իրանց ձեռ չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռ տա»,- ասաց վարչապետը: