Արարատի մարզի Մասիս քաղաքում մատակարարվող խմելու ջուրը, ըստ բնակիչների, լի է մի շարք հիվանդությունների առաջացման վտանգով, քաղաքացիները ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բողոքում են, որ  տարիներ շարունակ՝ ստիպված՝ խմելու ջուրը գնում են, քանի որ ծորակի ջուրը «բանի պետք չէ»:

«Լիտրը 10 դրամով ջուր ենք գնում մեքենաներից, բայց ինչքա՞ն պիտի շարունակվի,  ի՞նչ անենք, փորլուծություն է առաջացնում, քանի անգամ երեխեքին հիվանդանոց ենք տարել, ու ոչ միայն իմ, այլ հարևաններինը ևս: Տհաճ հոտ է գալիս ու համն էլ անտանելի է, մարդ վախենում է խմի այդ ջուրը»,-մեզ հետ զրույցում ասաց Մասիսի բնակիչներից մեկը:

 

Բնակիչները վստահեցնում են, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը որոշ ժամանակով խնդիրը լուծել էր, սակայն շատ չանցած՝ նույն վիճակն է տիրել նորից:

Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Գաբրիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց խնդրի առկայությունը և հավաստիացրեց, որ շատ լուրջ աշխատանքներ են տարվում իրավիճակը շտկելու համար, չնայած որ՝ տարիներ շարունակ այս խնդիրը եղել է քաղաքում:

«Երբ Դավիթ Համբարձումյանը դարձավ քաղաքապետ, առաջին քայլերից մեկն այս խնդրով զբաղվելն է եղել, և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ լուրջ աշխատանքներ են տարվել: Դրանից հետո ՓԲԸ-ն սկսեց մեզ տրամադրել Գառնու ջուր՝ օրական մի քանի ժամով, սակայն դա բավարար չէ, որ մաքրի այն վնասակար ջուրը, որը ներկայում դեռ կա: Մասիսը միշտ Ռանչպարի ջուրն է օգտագործել, բայց իրականում կոշտ ջուր է դա ու վնասակար, ճիշտ է՝ մարդիկ լիտրերով ջուրը գնում են, բայց ես մեր ծորակի ջուրն եմ խմում»,-ասաց աշխատակազմի քարտուղարը, և չափազանցություն համարեց բնակիչների այն բողոքները, թե փորլուծություն կամ այլ հիվանդություններ է առաջացնում ջուրը: 

Աշխատակազմի քարտուղար Վարդան Գաբրիելյանի խոսքով՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն անընդհատ փորձաքննություններ է կատարում և ասում է, որ ամեն ինչ կարգին է, իսկ խմելու ջուրն էլ՝ անվտանգ:

 

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց. «Մենք Մասիս քաղաքը սպասարկում ենք ընդամենը 1,5 տարի, մեզանից առաջ քաղաքը սպասարկել է «ՀայՋրմուղը», և նրանք ստանում են հիմա այն ջուրը, որը ստանում էին «ՀայՋրմուղ»-ի ժամանակ: Մենք չենք վատացրել ջրի որակը, եթե իրենք գտնում են, որ դա խմելու չի, էլ ինչի՞ են հիմա բողոքում: Միևնույն ժամանակ, կարող եմ ասել, որ այո՛, խնդիրը իսկապես լուրջ է այդտեղ, մեր ընկերությունը տեղյակ է խնդրի մասին»: 

Մեր այն դիտարկմանը, թե 1.5 տարվա ընթացքում հնարավոր չէ՞ր որևէ քայլ ձեռնարկել ջրի որակի բարելավման համար, Մուրադ Գասպարյանը չցանկացավ պատասխանել, քանի որ «խնդիրը շատ լուրջ է և դա սուրճի սեղանի շուրջ պետք է քննարկվի միայն»: 

Արմինե Միքայելյան