Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներն այսօր լրագրողներին ներկայացրին, թե ինչպես են աշխատելու։

Ավագանու անդամ Արման Աբովյանը նշեց, որ իրենք ներկայացված են լինելու բոլոր հանձնաժողովներում և մեծ աշխատանքներ են տարվել և տարվում իրենց խմբակցության կողմից, որպեսզի Երևանում առկա խնդիրները ստանան իրենց լուծումը։

 

Աբովյանը հավելեց, որ իրենց կողմից որպես առաջին քայլ՝ ծառայողական մեքենաներից հրաժարվելն է․ «Մենք հրաժարվում ենք ծառայողական մեքենաներից, բոլոր այն օժանդակ ծախսերից, որոնք կապված են մեքենաների հետ, դրա հետ մեկտեղ՝ կոչ եմ անում բոլոր մեր գործընկերներին՝ նույն քաղաքականությունը որդեգրել»։

Աբովյանի խոսքով՝ իրենց խմբակցության աշխատանքները լինելու են պարզ և թափանցիկ։ 

Ավագանու մյուս անդամներն անդրադարձան նաև մանկապարտեզների, ներառական կրթության համակարգի, պոլիկլինակաների, առևտրի և սպասարկման ոլորտում առկա խնդիրներին։