Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասնակիցները «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես այցելության ընթացքում հիացմունք հայտնեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունների առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցներն այցելել էին ցուցահանդես հոկտեմբերի 9-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանի ուղեկցությամբ:
«Որոշեցինք մեր հյուրերին անպայման հնարավորություն տալ նաև մասնակցելու և տեսնելու Հայաստանում որոշ վայրեր: Եվ քանի որ «Դիջիթեք էքսպո»-ն այս տարի կազմակերպվելու էր հոկտեմբերի 5-7-ը, որոշեցինք կազմակերպիչների հետ մի փոքր երկարաձգել և հնարավորություն ընձեռել, որ ՏՏ ոլորտում ներկայացված մեր բոլոր ընկերությունները կարողանան հյուրերին ներկայացնել մեր արտադրանքը և այն աշխատանքը, որն իրենք կատարում են»,-ասաց Ադամյանը:
Հյուրերը ծանոթացան տեխնոլոգիական զարգացման գլոբալ միտումներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրեցին նորարական լուծումները:
Ֆրանսիացի գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներից մեկը՝ Լուի Պուզանը նշեց, որ հայկական ընկերություններն իրեն իսկապես զարմացրել են:
«Շրջայցի ընթացքում ինձ հասցրել են հատկապես մի քանի տեղերում զարմացնել: Հայաստանի ընկերություններն ունեն նորարարության զգացողություն, ապագայի նկատմամբ պատկերացումներ, քայլում են աշխարհին համահունչ»,-ասաց Պուզանն ու հավելեց՝ ընկերություններն արդեն հասցրել են տպավորել իրեն:
Պուզանը լինելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներից մեկը: