Բոլորին հետաքրքրող Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն արդեն հրապարակվել է, իսկ թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը և որքանով դա կնպաստի առաջիկա խորհրդարանական ընտրությունների թափանցիկությանը, ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ:
«Օրենսգրքում հիմնական փոփոխությունները մի քանիսն են, այն է՝ կուսակցությունների անցողիկ շեմը 5%-ից դարձել է 4, իսկ դաշինքների համար՝ 7-ից՝ 6%: Նախընտրական ցուցակներում մնացել են համապետականներն ու ազգային փոքրամասնությունները, այսինքն՝ դուրս է մղվել ռեյտինգային ցուցակներով ընտրություններին մասնակցության ձևը, որի միջոցով նախկինում առաջադրվողները ընտրակաշառքներ բաժանելով էին հայտնի, իսկ հիմա այդ ընտրակաշառքով ընդհանուր կուսակցությանը ձայն բերելու մեթոդները վերանում են և ռեյտինգայինով ձայներ չեն կարող հավաքել: Այս ամենի մասին խոսում էինք դեռ ապրիլից և սա փոփոխությունների շատ լավ նախագիծ է ու կնպաստի ընտրությունների նորմալ ընթացքին»,-ասաց սահմանադրագետը:
Չնայած ԸՕ մի շարք փոփոխություններին, Վարդան Այվազյանը լուրջ մտահոգություններ ունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված. «Անշուշտ, այս նախագիծը ԱԺ-ն կընդունի միաձայն. այստեղ խնդիրն այն է, որ քաղաքական դաշտը փոշիացած է և ընտրություններն առանց մրցակցության են լինելու և հենց այդ ընտրությունները բավականին վատ հետևանքներ կարող են ունենալ: Եթե լինի միակուսակցականություն, դա կտանի դեպի ժողովրդավարության շեղման»:
Մեր այն դիտարկմանը, թե իշխանություններն անընդհատ կրկնում են, որ ԸՕ փոփոխությունները բխելու են ժողովրդի շահերից, ինչպե՞ս է դա լինելու, սահմանադրագետը նկատեց. «Ընտրական օրենսգիրքը չի կարող բխել ժողովրդի շահերից: Կարող է լինել միայն այն, որ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրումները հակասահմանադրական էին և դուրս եկան»:
Ըստ Այվազյանի, այս փոփոխությունները տանում են նաև նրան, որ ԱԺ-ում առնվազն լինի 4 խմբակցություն. «Այսինքն՝ եթե նույնիսկ 4%-ից պակաս ձայն է հավաքում ուժը, սակայն ձայների քանակությամբ 4-րդ տեղում է, ապա այս օրենսգիրքը թույլ է տալիս, որ այդ ուժը ևս բոնուսային կարգով գտնվի խորհրդարանում»:
Արմինե Միքայելյան