ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը օրերս բավական անկեղծ հարցազրույց է տվել, որում խոսել է Հայաստանին առնչվող սպառնալիքների և իր հետագա անելիքների մասին: Հարցազրույցի գլխավոր մեխը, թերևս, այն էր, որ Վանեցյանը, հպանցիկ թվարկելով երկրի առջև ծառացած խնդիրները, միևնույն ժամանակ հայտարարում է՝ կխոսի, երբ կգա դրա ժամանակը: Հասարակության հետ անկեղծ զրույցի ցանկություն հայտնել էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդ որում, հենց այն բանից հետո, երբ Վանեցյանը հրաժեշտ տվեց ԱԱԾ պետի պաշտոնին, ասել է թե՝ այս երկու իրադարձությունները իրար հետ ուղղակիորեն կապված են:
Վանեցյանի հեռանալուց հետո Սարգսյանը սկսեց Փաշինյանին մեսիջներ հղել, որ պայմանավորվածություններ են խախտվում, և ինքը կարող է խոսել: Այսօր նույն մեսիջը Փաշինյանին հղում է նաև Վանեցյանը, ով ակնարկում է, հատկապես, դրսից սնվող քաղաքական ուժերի, սորոսականների գործունեության վտանգների մասին և անուղղակիորեն դա կապում Արցախի հարցի հետ: Թեև, Վանեցյանը սորոսականների կողմից թիրախավորվել է նաև նախկինում, սակայն նման հայտարարություններից հետո էլ վերջիններիս արձագանքը չուշացավ, մասնավորապես, «Հելսինկյան» ասոցիացիայի իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ իր հայտարարություններով Վանեցյանն ինքն է վտանգում երկրի ազգային անվտանգությունը, և կոչ արեց իշխանություններին չլռել:
Կլռեն նրանք, թե ոչ, իրականում, կախված է նրանից, թե որքան երկար կպահպանվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց մասին հիշեցնում են նախկինները, այսօր արդեն նաև Արթուր Վանեցյանը: ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալը իրականում լուրջ մանևերելու դաշտ է տալիս Վանեցյանին, նա այլևս կաշկանդված չէ և կարող է մտնել քաղաքական դաշտ: Ի դեպ, այդ սցենարը Վանեցյանն ինքն էլ չի բացառում: Հարց է միայն, Վանեցյանն ընդդիմադիր դաշտ կմտնի, իբրև առանձին բևեռ, որի շուրջ կհամաբխմվեն մյուս ուժերը, թե կմիանա արդեն իսկ գործող կամ նոր ձևավորվելիք ֆորմատներից մեկին:
Ակնհայտ է այն, որ այս փուլում Վանեցյանը չի ցանկանում գնալ հարաբերությունների սրման: Վերջինս կարող էր հրաժարական չտալ ՀՖՖ նախագահի պաշտոնից, սակայն գնաց այդ քայլին՝ մի կողմից ազատելով ձեռքերը, մյուս կողմից ցույց տալով, որ ինքը իր մասով դեռևս պահում է պայմանավորվածությունները: Ասել է թե՝ գնդակը իշխանությունների դաշտում է…