Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը համոզված է, որ իր ունեցած փորձը Բնապահպանության նախարարությունում և կօգնի Սևանի խնդիրների լուծմանը։ Այդ մասին մարզպետը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Մարզում լայն տարածում ունեցող արտագնա աշխատանքը, նրա կարծիքով և դրական ազդեցություն ունի, և բացասական: «Մենք աշխատելու ենք այն կրճատելու ուղղությամբ, ինչպես նաև փորձելու ենք հասնել մարզի համաչափ զարգացմանը: Գեղարքունիքի մարզը լինելով ամենամեծը, ունի նաև ամենաշատ խնդիրները։ Իհարկե, արտագնա աշխատանքը երկակի նշանակություն ունի՝ տնտեսական առումով ձեռնտու է, բայց ամիսներ շարունակ մարդիկ կտրվում են ընտանիքներից։ Կփորձենք լուծել մարզի համաչափ զարգացման խնդիրը։ Մարզում արտագնա աշխատանքի մեջ դրական բան կա, որ գնացողների առնվազն 90 տոկոսը հետ է գալիս, նրանց աշխատած գումարը հետ է գալիս մարզ։ Սակայն տարեցտարի փորձելու ենք նվազեցնել արտագնա աշխատողների քանակը»,-ասաց նա։
Հարցին, չի՞ խանգարի հանգամանքը, որ ինքը նույն մարզից է, ծանոթների ու բարեկամների հարց առաջ չի գա՞, մարզպետն ասաց. «Ինձ թվում է՝ մինչև հիմա մեր թիմակիցների աշխատանքով դուք դա տեսել եք, որ ծանոթների ու բարեկամների հանգամանքը չի խանգարում, նաև իմ օրինակով կտեսնեք։ Իմ ծանոթ–բարեկամ ընկերները շատ լավ կհասկանան, որ այդ դարաշրջանն ավարտվել է, աշխատելու են այն մարդիկ, ովքեր կարող են աշխատել»։
Նորանշանակ մարզպետը հավաստիացրեց, որ մարզպետարանում կադրային ջարդ չի լինելու, բայց որոշ մարդիկ կփոխվեն, փոխմարզպետներն էլ հավանաբար կփոխվեն, սակայն մարզպետի կողմից գյուղապետերի վրա ճնշում չի լինելու։
Հարցին՝ մտահոգություն չունի, որ 2 ամսում չի հասցնի իրականացնել սկսված աշխատանքը, նա նշեց, որ եթե կարող է 2 օրում էլ օգուտ տալ մարզին, ապա պատրաստ է, սակայն նկատեց. «ո՞վ է ասում, որ 2 ամսով եմ նշանակվել»։