Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանն առանց երկար մտածելու համաձայնել է զբաղեցնել մարզպետի պաշտոնը: Այդ մասին նա նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Երբ մարզպետ նշանակվելու առաջարկը ստացա, առանց երկար մտածելու համաձայնվեցի, որպեսզի հեղափոխության շունչը հասնի Վայոց Ձոր և բնակիչներն իրենց կյանքի վրա զգան այդ փոփոխությունները: Ես չեմ ճանաչում նախկին մարզպետին: Աշխատանքներում չեմ կարծում, որ հասցրել է ինչ-որ բան անել մի քանի ամսվա ընթացքում: Առերևույթ բան չենք տեսել մարզպետի կատարածից»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետը եղել էր ՀՀԿ-ական, հետո դարձել ԲՀԿ անդամ:
Նա հավելեց, որ իր նշանակումից հետո հեղափոխությունն արդեն կհասնի հանրությանը վերաբերմունքի փոփոխությամբ:
«Ես չեմ պատրաստվում բնակիչներից մեկ քայլ վերև կանգնել: Փոփոխությունը շփման մեջ կզգան բնակիչները: Իսկ բարեկեցության, կյանքի բարելավման ուղղությամբ ամիսների ընթացքում կփորձենք ամեն ինչ անել»,- ասաց նա՝ հավելելով, որ վարչապետից գլխավոր ցուցումը եղել է ստեղծել պայմաններ ներդրումային ծրագրերի իրականացման համար ու հոգ տանել բնակիչների մասին, ապահովել բարեկեցություն, լսել խնդիրները և փորձել քայլ առ քայլ լուծել դրանք: