Երևանում մի խումբ տաքսու վարորդներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք դեմ են տաքսի ծառայության մասին նոր օրենսդրական փոփոխություններին, որի համաձայն՝ տաքսիների դեղին համարանիշներն այլևս պարտադիր չեն լինելու։

Վարորդները բողոքում են, քանի որ անհասկանելի են կառավարության քայլերը. սկզբում իրենց ստիպել են սպիտակ համարանիշները փոխարինել դեղինով, հիմա նորից պահանջում են անցնել սպիտակների:

«Մի կարգին ղեկավար է պետք, որ մի բան որոշեն, դա մնա, մի օր՝ դեղին, մի օր՝ կարմիր, մի օր՝ երկաթից, մի օր՝ թղթից»,- ավելացրեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Եթե ամսվա մեջ մեկ անգամ փլավի վրա կոտլետ էր լինում, այդ կոտլետն էլ վերցրին, մնաց միայն փլավը»,-ավելացրեց վարորդներից մեկը։

Նրանց կարծիքով՝ կառավարությունն իր ոչ հեռատես քայլերով էլ ավելի է ծանրացնում իրենց սոցիալական վիճակը:

Հիշեցնենք, որ տաքսիների դեղին համարանիշները ինքնակպչուն կտրոններով փոխարինելու, բուժզննման եւ տեխզննման գործառույթները վերացնելու հարցերի շուրջ մարտի 6-ին քննարկում էր կազմակերպել Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը, սակայն որոշում դեռ չի կայացրել:

Մինչև հունվարի 1-ը տաքսիստների արտոնագրային վճարը 7000 դրամ էր, այժմ՝ 9,500 դրամ, եկամտային հարկը՝ 5000 դրամ, տարեկան պետտուրքը՝ 25 հազար դրամ և ԱՊՊԱ-ի գումարը: Անօրինական դաշտում գործող տաքսիստները, սակայն, այս գումարները չեն վճարում։