Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է մի կտրոն, ըստ որի՝ Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից «Մարիոթ» հյուրանոց տանելու համար վերցրել է 34․000 դրամ: Սրա վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել օգտատերերից մեկը՝ կից ներկայացնելով կտրոնը։

ԼՈՒՐԵՐ․com-ը դեպքի առնչությամբ փորձեց մեկնաբանություն  ստանալ Զբոսաշրջության պետական կոմիտեից։ Այստեղից, ի պատասխան մեր հարցի, այսպես մեկնաբանեցին․ ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից տարածված հայտարարության համաձայն` Հայաստան ժամանած Գերմանիայի քաղաքացուց 34.000 ՀՀ դրամ պահանջած տաքսու վարորդը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերոջ աշխատակիցը չէ, և կտրոնն այդ ընկերությանը չի պատկանում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն բազմիցս նախաձեռնել է քննարկումներ օդանավակայանում տաքսու վարորդների պատճառած անհարմարությունների վերաբերյալ` փորձելով իր իրավասության սահմաններում լուծումներ գտնել առաջացած իրավիճակում, այդ թվում` Հայաստանի մասին միջազգային հարթակներում տարածվող տեղեկատվության մեջ՝ պարբերաբար նշելով օդանավակայանից մեկնող շուրջօրյա ավտոբուսի և օդանավակայանի տարածքում գործող գործընկեր-տաքսի ծառայության մասին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում տարածում գտած կտրոնի իսկությունը այլ գերատեսչությունների իրավասությունն է, և կոմիտեն կմնա այս պահին այս առնչությամբ այլ մեկնաբանություն տրամադրելուց»,- ասացին կոմիտեից։

Մենք կապ հաստատեցինք նաև կտրոնի վրա նշված հեռախոսահամարներով, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանած անձինք նշեցին, որ հեռախոսահամարը տաքսու սերվիզի չի պատկանում, իրենցն է և արդեն մեկ և մեկուկես ամիս է ինչ իրենք են օգտագործում։

 

Ավելի ուշ, տեսնելով հանրության հնչեղությունն ու արձագանքները նույն օգտատերը պարզաբանեց․ «Այսօր հանդիպել եմ ընկերոջս, ով պատմել է իր գործընկեր գերմանացու հետ պատահածը ու ցույց տվել կտրոնը: Ընկերոջս վստահում եմ 100 տոկոսով: Ի վերջո, նաեւ ինչ շահ պետք է ունենամ ես կամ ինքը այդ հարցը բարձրաձայնելուց: Կամ ինչ շահ ունի գործերով Հայաստան եկած եւ գնացած գերմանացին, որ մի զրո էլ ավելացնի կտրոնի վրա, ինչպես որոշ մարդիկ գրառումներում կասկածեցին: Ես էլ ընկալել եմ այս իրավիճակը, որպես խայտառակություն մեր երկրի համար ու կիսվել։ Լրագրողներից իմ հետ կապ են հաստատել, տվել եմ ընկերոջս կոնտակտը: Եթե գերմանացին ուզենա խոսել էս թեմայով, ինքը կպատմի, եթե չէ, թող սա լինի ուղղակի իմ վրդովմունքի արտահայտությունը, որ նման բան կարող է լինել: Նշվեց նաև, որ այդ տաքսի ծառայությունն այլեւս չկա: Ուրեմն այդ կտրոններից ինչ- որ մեկի մոտ պահպանվել են և չգիտես էլ որտեղ ու ոնց կարող են հետագայում օգտագործել: Միգուցե լրագրողները կկարողանան, ինչ- որ բան պարզել: Ես նաեւ հասկանում եմ, որ քիչ հավանական է, որ այդ մարդուն գտնեն, չեմ էլ ունեցել նման նպատակ (դրա համար հանեցի ոստիկանության վրայից թեգը): Ուղղակի մի տեսակ կոչ էր էլի, որ նման բաները չպետք է լինեն մեր երկրում: Իսկ դրանք, ցավոք, լինում են, քանի որ մի քանի հոգի գրառումներում հաստատեցին, որ իրենք էլ են հանդիպել նման դեպքերի»,- գրել է նա:

Սոնա Հարությունյան